Գերմանիայում ձերբակալվել է Սիրիայի Հոմս քաղաքի ռազմական հոսպիտալի սադիստ բժիշկը
Գերմանիայում ձերբակալել են սիրիացի բժշկի, որն աշխատել է Հոմսի ռազմական հոսպիտալում և, ըստ հետաքննության, պարբերաբար ծեծի է ենթարկել հիվանդներին: «Deutsche Welle»-ի հրապարակած այս տեղեկությունը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Տղամարդը, որը հետաքննության մեջ հիշատակվում է միայն Ալաա Մ. անունով, այժմ բնակվում է Գերմանիայի Հեսենի նահանգում: Նա կալանավորվել է նախորդ ուրբաթ: Դատախազությունը նրան մեղադրում է մարդկության դեմ հանցագործություններ կատարելու և ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու մեջ:
Հետաքննության մասնակիցները ենթադրում են, որ 2011-ին Հոմսում աշխատելիս սիրիացին ծեծել է էպիլեպսիայով հիվանդ մի մարդու, որը Սիրիայի ոստիկանության կողմից ձերբակալվել է հակակառավարական գործողություններին մասնակցելու համար:
Ըստ «Associated Press» գործակալության, ձերբակալվածը միայնակ չի եղել, նրա հետ եղել է մեկ այլ բժիշկ: Նրանք հիվանդին այնքան են ծեծել, մինչև վերջինս կորցրել է գիտակցությունը: Դրա հետևանքով հիվանդը մահացել է: Քննիչները նաև կարծում են, որ Ալաա Մ.-ն Սիրիայում նման հանցագործություններ կատարել է սիստեմատիկ ձևով:
2015-ին Ալաա Մ.-ն Սիրիայից եկել էր Գերմանիա և աշխատանքի անցավ որպես բժիշկ: