«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի կարծիքով քաղաքացիների երջանկությանը խանգարում է ՍԴ-ն
«ՍԴ ճգնաժամի պատճառն այն գործունեությունն է, որն այդ մարմինը ծավալել է իր հիմնադրման պահից՝ 1996 թվականի հունվարի 1-ից հաջորդած 22 տարիներին»,- խորհրդարանում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Պատգամավորի խոսքով ՍԴ-ի գործունեության ձախողված լինելն ամրագրվել է 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքում:
Ներկայացնելով այս տարի սահմանադրական հանրաքվե անցկացնելու անհաջող փորձը՝ պատգամավորը նկատեց, որ համավարակի պատճառով առաջիկա մեկ տարվա ընթացքում հանրաքվե կամ այլ համապետական միջոցառում չի կարող անցկացվել:
Ըստ Վահագն Հովակիմյան, Սահմանադրության 202 հոդվածի ուժով խորհրդարանն օժտված է Սահմանադրության մի շարք հոդվածներում փոփոխություններ կատարելու լիազորությամբ և այդ հիմքով նախաձեռնել է 213 հոդվածի խմբագրումը:
Քանի որ Սահմանադրական նոր փոփոխություններով ՍԴ անդամ ընտրվում են 12 տարի ժամկետով և նույն անձը կարող է ընտրվել մեկ անգամ, ուստի նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի լիազորությունների ժամկետը համարել ավարտված և դադարեցնել նրանց պաշտոնավարումը:
Մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված դատարանի անդամը, ում պաշտոնավարումը չի դադարում, շարունակում է պաշտոնավարել որպես Սահմանադրական դատարանի դատավոր մինչև այդ պաշտոնում նրա պաշտոնավարման 12 տարին լրանալը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի խոսքով, ՍԴ նախագահի լիազորությունները նույնպես կդադարեն: ՍԴ նոր նախագահը կընտրվի կատարվող փոփոխությունների արդյունքում առաջացած թափուր տեղերի համալրումից հետո: Սրանով, ըստ պատգամավորի, նոր ընտրված անդամները նույնպես հնարավորություն կունենան ՍԴ նախագահ ընտրվել:
«12 տարուց քիչ պաշտոնավարած ՍԴ անդամները իրենց գործունեությամբ պետք է նպաստեն ՍԴ-ի նկատմամբ վստահության բարձրացմանը»,- հայտնեց պատգամավորը և հավելեց. «Քվերակելով այս նանխաձեռնության օգտին, քվեարկում ենք, որ մեր երկրում անհատը լինի երջանիկ, հանրությունը հոգատար, Հայաստանը հզոր պետություն»:
Սահմանադրական փոփոխությունների նախագծում ասվում է, որ Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելուց հետո Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Կառավարությունը, Հանրապետության նախագահը և դատավորների ընդհանուր ժողովը և նրանց առաջադրումները կատարվում են թափուր տեղն առաջանալուց հետո` մեկամսյա ժամկետում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան