Հոսպիտալացման կարիք ունեցող քաղաքացիները հրատապ հոսպիտալացվում են. Թորոսյան
Ամեն օր արձանագրվող դեպքերի բացարձակ թվի մասով բավական կայուն իրավիճակում ենք :Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Օրական արձանագրվող դեպքերը, բացառությամբ երեկվա թվի, երբ շատ քիչ թեստեր էին արվել, տատանվում են մոտ 500-600 շրջանակում: Այս առումով կարող ենք արձանագրել, որ իրավիճակի ավելի բարդացում դեռ տեղի չունեցել»,- ասաց նախարարը:
Թորոսյանը սա կապում է վերջին շրջանի հակահամաճարակային միջոցառումների հետ, քանի որ, ըստ նրա, քաղաքացիները սկսել են ավելի ակտիվ կրել դիմակներ: Հետևաբար, ըստ նրա, ստեղծված իրավիճակում պետք է շարունակել կանոնների պահպանումը:
«Նույնիսկ առողջապահական մեծ հզորությունների պայմաններում, գիտենք, որ վարակված անձանց ինչ-որ տոկոս, դժբախտաբար մահանում են։ Բարեբախտաբար Հայաստանում դեռ փոքր տոկոս է։ Այսինքն՝ եթե այսօր արձանագրվել է 320 դեպք, ապա նույնիսկ ամենաբարձր բուժօգնության դեպքում, միևնույն է այդ քաղաքացիների մոտ 1,6 տոկոսը մահանալու է, այսինքն 5-6 հոգի»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով առողջապահական կարողությունների զարգացմանը, Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ երեկ մեծ ձեռքբերում ենք ունեցել:
«Ձեռք բերված թթվածին արտադրող կայանները երեկ ժամանեցին Երևան և հենց օդանավակայանից բաշխվեց կորոնավիրուսով զբաղվող բուժհաստատություններին: Արդյունքը տեսանք հենց երեկ երեկոյան: Ամեն օր հայտնում էինք, թե քանի քաղաքացի ունենք հոսպիտալացման կարիք ունեցող: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այդ թիվը տատանվում էր 150-200 շրջանակում, որոնց մի մասը գտնվում էին տանը: Երեկ երեկոյանից, որպես այդպիսին, տանը սպասող քաղաքացի չունենք: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնց մոտ հաստատվում է կորոնավիրուսային հիվանդություն և կարիք ունեն հոսպիտալացման՝ առողջական վիճակով պայմանավորված, նրանք հրատապ հոսպիտալացվում են :Այս առումով կարող ենք ասել, որ այդ խնդիրը լուծված է»,- հայտնեց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին