ԱԱԾ. Դատախազությունը Գագիկ Ծառուկյանի գործով դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «2017 թվականի ապրիլի 2-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության պայմաններում որոշում է կայացվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ղեկավար Գագիկ Կոլյայի Ծառուկյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին:
Նույն օրը վարույթն իրականացնող մարմինը, հաշվի առնելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները, միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը դատարանի կողմից մերժվել է:
Ընդ որում, Գագիկ Ծառուկյանին մեղսագրվող հանցագործության հիմնավոր կասկածը հաստատված համարելու համար նախաքննական մարմինը Դատարանում ներկայացրել է ոչ թե մեկ վերաբերելի փաստեր կամ տեղեկատվություն, այլ՝ այդպիսի փաստերի կամ տեղեկատվության համակցություն, որոնք հնարավորություն են տվել Դատարանին հիմնավորված համարելու, որ մեղադրյալն առնչվում է կատարված դեպքին, քրեական գործի մեղադրանքին, փաստական հանգամանքներին, մեղսագրվող հանցագործությանը:
Մասնավորապես, որպես այդպիսի փաստական տվյալներ, Դատարանը վկայակոչել և դիտարկել է գործով ներգրավված 5 կասկածյալների ցուցմունքները, ինչպես նաև Երևան Շին ՍՊ ընկերությունում կատարված խուզարկությամբ հայտնաբերված և առգրավված ՀՀ ԱԺ ԲՀԿ պատգամավորների ընտրությունների 2017 թվականին ներկայացված ընտրողների թիվ և վճարված գումարները վերտառությամբ հաշվետվությունները, որոնցում առկա են եղել հստակ նշումներ մեկ ձայնի համար վճարված գումարների, ընդհանուր քվեների դիմաց ընտրողներին տված կաշառքի չափի, ակտիվիստներին վճարված գումարների, Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ այլ անձանց գումարներ փոխանցելու վերաբերյալ նշումներ, որոնք անկողմնակալ դիտորդի մոտ չեն կարող տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տալ, ինչը հաստատվել է նաև Դատարանի կողմից:
Միևնույն ժամանակ Դատարանը գտել է, որ քրեական գործով վարույթի ընթացքում Գագիկ Ծառուկյանի ոչ պատշաճ վարքագիծը կանխել հնարավոր է ազատությունից զրկելու հետ չկապված այլ խափանման միջոցի կիրառմամբ:
Ուշագրավ է հատկապես այն, որ սույն քրեական գործի հարուցման սկզբնական փուլում կատարվել են շուրջ 80-ից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների կամ ակտիվիստների բնակարաններում հայտնաբերվել և առգրավվել են նաև 2017 թվականի ապրիլի 2-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար ընտրողներին կաշառքի առարկա գումարները հասցեական կարգով տալու հանգամանքն ուղղակիորեն հաստատող այլ փաստեր, որոնցում արդեն առկա են եղել ընտրողների անհատական տվյալներ,ընտանիքի անդամների թիվը, յուրաքանչյուր անձին տրված համապատասխան 10.000 ՀՀ դրամ գումարիվերաբերյալ նշումներ և կաշառք ստանալու հանգամանքը հավաստող ստորագրություններ:
Քրեական գործում առկա փաստական տվյալները, այդ թվում՝ գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս անձանց և մի քանի տասնյակ վկաների ցուցմունքները, հիմք են տալիս նաև ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ հիշատակված հաշվետվությունները կազմվել են արդեն այն անձանց կողմից, ովքեր անմիջականորեն զբաղվել են կաշառքի գումարները ընտրողներին հասցեական կարգով տալու հարցով, որից հետո հաշվետվությունները աստիճանակարգության կարգով ներկայացրել են կուսակցության ղեկավար կազմին:
Թեև, դեպքից անցել է շուրջ երեք տարուց ավելի ժամանակ, որն անշուշտ որոշակի դժվարություններ է առաջացնում ապացույցների հավաքագրման գործընթացում, սակայն ՀՀ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների, ինչպես նաև դրանց զուգահեռ ձեռնարկված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում նույնիսկ տարիներ անց հնարավոր է եղել բացահայտել ՀՀ ազգային ժողովի 2017թ. ապրիլի 2-ի ընտրություններին մասնակցած «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի և դրա կողմից առաջադրված թեկնածուի օգտին քվեարկելու համար կազմակերպվածխմբի կողմիցը նտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող բազմաթիվ այլ ապացուցողական նյութեր, որոնց բովանդակությունն ակնհայտորեն չի սահմանափակվում միայն Գեղարքունիքի մարզի տարածքում կատարված լինելու հանգամանքով և այդ ուղղությամբ ներկայումս շարունակվում են կատարվել անհրաժեշտ գործողություններ:
Նախաքննական մարմնի տրամադրության տակ ներկայումս առկա են նաև այնպիսի նյութեր, որոնց ուսումնասիրությամբ տեսանելի է, որ կուսակցության ղեկավար կազմի կողմից ըստ ծառայության վայրերի, զորանոցների տեղակայման վայրերի, ծառայության ժամկետների վեր են հանվել նաև կոնկրետ զինծառայողների անհատական տվյալները, նախապես կազմվել են կաշառք ստանալու պատրաստակամություն հայտնած անձանց ցուցակներ, դրանք համադրվել և ստուգվել են ինչպես ընտրությունների նախորդող ժամանակահատվածում, այնպես էլ՝ ընտրություններց հետո, ՀՀ-ում գործող առևտրային բանկերից ընտրությունների նախորդող ժամանակահատվածում ստացել են 10.000 ՀՀ դրամներից բաղկացած հարյուրավոր միլիոն դրամներ և նույնաբնույթ բազմաթիվ այլ փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ նույնպես իրականացվում են ակտիվ քննչական գործողություններ:
Հաշվի առնելով կատարված հանցագործության ամբողջական պատկերը բացահայտելու հանրային շահը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ակնկալում է ստանալ նաև հանրության աջակցությունը և հորդորում է ՀՀ քաղաքացիներին սույն դեպքի վերաբերյալ որևէ տեղեկություններ տիրապետելու դեպքում անմիջապես իրազեկել վարույթն իրականացնող մարմնին:
Հայաստանի Հանրապետության դատախազությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարան»։
Հարակից հրապարակումներ`
- Երեմ Սարգսյան. Ծառուկյանի պաշտպանական թիմը դատարանի որոշման որոշ դրույթների հետ անհամաձայնություն ունի
- Ծառուկյանի պաշտպան. Եթե ստեղծվեց այս քրեական գործը, վստահ եմ՝ դրա շարունակությունը կլինի
- Գագիկ Ծառուկյանը չկալանավորվեց
- Գագիկ Ծառուկյան. Քաղաքական պատվեր է
- Գագիկ Ծառուկյան. Ձեռքս պուլսի վրա է
- ԱԺ փոխնախագահ. Նախնական տվյալներով քիչ անց պարոն Ծառուկյանը դուրս կգա ԱԱԾ-ից
- Պարոն Ծառուկյանը իր կամքին հակառակ չի տարվել ԱԱԾ. Միրզոյան
- ԱԱԾ մոտ ոստիկանական ուժեր են հավաքվել
- Ծառուկյանը՝ ԱԱԾ աշխատակիցներին. «Բայց ես ուղիղ ձեր մոտ էի գալիս»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին