Ավստրիայի վարչապետ․ «Թույլ չենք տա, որ Թուրքիան շանտաժի ենթարկի ԵՄ-ին»
Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցը հունական հայտնի «Կատիմերինի» (Kathimerini) թերթին տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանում թուրք-հունական հարաբերությունների սրման պատճառ դարձած փախստականների հարցին։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Կուրցը նշել է, որ ԵՄ-ն թույլ չի տա, որ Թուրքիան իրենց շանտաժի ենթարկի։
«Թույլ չենք տա, որ Թուրքիան, փախստականներին օգտագործելով, սպառնա ԵՄ-ին։ Նրանք կրկին ու կրկին փորձում են դա անել։ Հունաստանի և ԵՄ-ի սահմանները պաշտպանելու համար մենք մարտին օգնություն ուղարկեցինք Մարիցայի շրջան»,-ասել է նա։
Ավստրիայի վարչապետը նշել է, որ այդ օգնության նպատակը Թուրքիային հստակ ուղերձ հղելն էր։
Հիշեցնենք, որ 2020թ․ փետրվարի վերջին Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց Թուրքիան փախստականների հոսքի առջև բացեց Եվրոպա տանող «դարպասները»:
Թուրքական իշխանությունների կայացրած այդ որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսեցին շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ: