Սիսակ Գաբրիելյանը շնորհավորեց ԲՀԿ-ին
«Փաստացի կա դատավոր, որն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ մեկնաբանելով առաջին ատյանի դատարանի կողմից Գագիկ Ծառուկյանի կալանավորման դատախազության միջնորդության մերժումը:
Պատգամավորը չցանկացավ արձանագրել Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ դատարանի որոշումը, քանի որ գիտի, որ դատախազությունը բողոքարկելու է այն:
«Հարցը պետք քննվի վերաքննիչ դատարանում, և այս պահին հնչած կարծիքը կարող է դիտարկվի, որ իշխող քաղաքական ուժը փորձում է ինչ-որ ազդեցություն ունենալ դատական պրոցեսների վրա»,- հայտնեց Սիսակ Գաբրիելյանը:
Պատգամավորը հավելեց, որ իշխող ուժի ներկայացուցիչ պատգամավորները դատախազի միջնորդության ժամանակ հարցադրումներով և ելույթներով հանդես չեկան, որպեսզի նման ձևով արտահայտեն իրենց վերաբերմունքը՝ փորձելով չեզոքություն պահել:
Պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց, որ քրեական հետապնդումը իրականացվում է անկախ այն բանից, թե խափանման միջոց կիրառվում է, թե ոչ և կոչ արեց չմիախառնել ԱԺ-ում և դատարանում քննարկված հարցերը:
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու իշխող կուսակցության կողմից դատարանների շրջափակումը կարգի խախտում չէր, իսկ Գագիկ Ծառուկյանի քննության դեպքում այն կարգի խախտում է դիտարկվում՝ Սուրեն Գրիգորյանը պնդեց, որ իրենց իրականացրած դատարանների շրջափակումը չի եղել կոնկրետ քրեական գործով, այլ արձանագրել են, որ Հայաստանի ժողովուրդն ունի անվստահություն դատական համակարգի նկատմամբ:
Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ համամիտ է դատախազության որոշման հետ, որ պետք է բողոքարկվի դատարանի որոշումը:
Անդրադառնալով կառավարության հրաժարականի պահանջ պարունակող Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին՝ Սուրեն Գրիգորյանը նկատեց, որ քրեական գործի հիմնական փաստաթուղթը հայտնաբերվել է փետրվար ամսին և չբացառեց, որ դրա վերաբերյալ հարցաքննությունից հետո է եղել ԲՀԿ-ի առաջնորդի հայտարարությունը:
Պատգամավորը չցանկանալով որևէ մեկին մեղադրել՝ կարծիք հայտնեց, որ ԲՀԿ-ն դատախազությունում և ԱԱԾ-ում ունեն իր աղբյուրները և փետրվարից սկսված այդ գործընթացն ինչ որ մի փուլի հասանել է դարձել նաև իրենց: Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորի, հարցաքննվել է մի անձնավորություն, որը առնչություն ունի ԲՀԿ-ի հետ և տվել է խոստովանական ցուցմունքներ:
Լրագրողը նկատեց, որ այդ հարցաքննությունը չէր ավարտվել երբ ԱԺ-ում որոշում էր կայացվում:
Պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հայտնեց, որ անտրամաբանական կլիներ, եթե ԲՀԿ-ն չպնդեր, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդում չկա:
«Շնորհավորում եմ ԲՀԿ-ին, քանի որ իրենք իրենց գործունեության ընթացքում առաջին անգամ է, որ պահանջում են պետության ղեկավարի հրաժարականը և այդ պահանջից հետո 10-15 օր դեռ շարունակում էին պահանջել»,- շեշտեց Սիսակ Գաբրիելյանը և նկատեց, որ ԲՀԿ-ի գործունեության փորձը ցույց է տվել, որ պարբերաբար եղել են այլընտրանք կամ այլ ուժ և միշտ խուսափել են երկրի առաջին դեմքի հրաժարականի պահանջի մասին հարցին պատասխանելուց: