Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ
Հունիսի 22-ից Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզների մեծ մասի գործունեությունը ժամանակավորապես դադարեցվել է: Փոխարենը Երևանի վարչական շրջաններում առանձնացվել են հերթապահ մանկապարտեզներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
«Այսօր ևս ՀՀ կրթության տեսչական մարմինը շարունակել է ուժեղացված վերահսկողություն իրականացնել մայրաքաղաքի գործող մանկապարտեզներում:
Մշտադիտարկման ընթացքում տեսչական մարմնի աշխատակիցների ուշադրության կենտրոնում են մանկապարտեզներում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումները՝ խմբասենյակներում, ննջարաններում և սնունդ ընդունելու ընթացքում երեխաների միջև սոցիալական հեռավորության պահպանումը, ինչպես նաև օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների սահմանված կանոններին համապատասխանությունը:
Տեղում տեսչական մարմնի աշխատակիցները տալիս են համապատասխան ցուցումներ և անհրաժեշտ խորհրդատվություն:
Արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվում է պարետատուն»,-նշված է հաղորդագրությունում: