ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր.Ասյա Օվանյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ասյա Օվանյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների թնջուկին:
«Ազգային ժողովի 89 պատգամավոր, Սահմանադրության կոպիտ խախտմամբ, առանց Սահմանադրական դատարանի համաձայնության, անտեսելով Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը՝ երկու ընթերցմամբ ընդունեցին Սահմանադրական փոփոխությունների նախագիծը։
ՍԴ դիմելը ԱԺ պարտականությունն էր և, քանի որ ԱԺ-ն հրաժարվեց իրականացնել իր սահմանադրական պարտականությունները և զրկեց ՍԴ-ին իր սահմանադրական լիազորություններից, կարելի է փաստել, որ տեղի ունեցավ ՍԴ լիազորությունների յուրացում։
Նախագիծը հակասում է նաև Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը, որում ուղղակիորեն նշված էր, որ իշխանություններն օրենսդրական փոփոխությունները կյանքի կոչելիս պետք է դիմեն և հաշվի առնեն ՍԴ կարծիքը։ Հանձնաժողովի այդ և մնացած ռեկոմենդացիաները անտեսվեցին։
Արդեն կարծես թե երկրորդական է դառնում անդրադառնալ հանձնաժողովի եզրակցության բովանդակությանը, բայց երկրորդական չի դառնում Հայաստանի միջազգային հեղինակության անկումը, քանի որ միջազգային կառույցի դիրքորոշումը անտեսելը, առավել ևս, երբ այդ կառույցին դիմել էին մեր երկրի իշխանությունները, անհետևանք չի մնալու։
Իրավիճակը փրկելու հնարավորություն տրված է երկու ընդդիմադիր խմբակցություններին։ ԲՀԿ պատգամավորները արդեն իսկ ՍԴ դիմելու գործընթաց են սկսել: Հերթը հիմա «Լուսավոր Հայաստանինն» է։ Արդարացումները, որ Սահմանադրությունը այդպիսի հնարավորություն ԱԺ պատգամավորներին չի ընձեռում, տեղին չեն։ Սահմանադրությունն այդպիսի կարգավորումներ նախատեսում է։ Ավելին, դատարան դիմելու երկու տարբերակ կա՝ առաջնորդվելով 169-րդ հոդվածի 2-րդ կետով՝ օրենքների սահմանադրականությունը որոշելու դիմումով (168-րդ հ-ծ 2-րդ կետ), քանի որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը ևս օրենք է։ ԱԺ-ն ընդունում է օրենքներ և որոշումներ, ուստի ԱԺ կողմից ընդունվող «սահմանադրական փոփոխությունները» պետք է համարվեն օրենք։ Այլապես ձևավորվում է իրավական ակտի ինքնուրույն և նոր տեսակ՝ «սահմանադրական փոփոխություններ»։ Մյուս տարբերակը 168-րդ հոդվածի 4-րդ կետի հիմքերն են՝ լիազորությունների մասին վեճը, քանի որ ակնհայտ է վեճը ԱԺ և ՍԴ միջև՝ իրենց սահմանադրական լիազորությունների շուրջ:
Եթե «Լուսավոր Հայաստանը» կհրաժարվի դիմել ՍԴ, ապա իմքայլականների հետ հավասար կկրի պատասխանատվություն ապագա սերունդների առջև և ոչ մի արդարացում կամ բացատրություն չեն կարող ընդունելի լինել։ Եթե այս քայլը չի արվում, ուրեմն բարձր, շատ բարձր ելույթները այսուհետ ունենալու են զուտ ֆոնային նշանակություն, և մեծ հաշվով, օգնելու են իշխանությանը։ Օգնելու են իշխանությանը հասնել ՍԴ-ի « գրավմանը»։
Ինչ վերաբերում է նախագահի լիազորությունների սահմանափակմանը, որով իշխանություններն, ըստ էության ազատում են նախագահին սահմանադրական պարտականություններից, որքան էլ ԱԺ –ն ինքնամոռաց ընդունեց այս փոփոխությունները, միևնույն է այդ փոփոխություններն ուժի մեջ կմտնեն նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրելուց հետո։ Արմեն Սարգսյանը կանգնում է լուրջ ընտրության առջև՝ ինքն իր ձեռքով սահմանափակի իր լիազորությունները, թե ՝ ոչ։
Ասյա Օվանյան
ՀՀ փաստաբանների պալատի անդամ
«Իմ Ձայնը» նախագիծ»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին