Քննարկման մի «ռաունդն» է եղել, ավարտից հետո տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը. Մարուքյան
«Քննարկումների մեջ ենք, մի քանի տեսակի դիմումներ կան, որոնք կարող են ներկայացվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ համագործակցության տարբերակներին։
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն հայտարարել է սահմանադրական փոփոխությունների հարցով ՍԴ դիմելու նախաձեռնության մասին, և այժմ ԼՀԿ-ի հետ քննարկումներ են ընթանում։
Նա նշեց՝ երբ քննարկումները ավարտվեն, բավարար տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը: Պատգամավորի խոսքով, այս պահին որևէ նորություն չկա հանրությանը հայտնելու, քննարկման մի «ռաունդն» է եղել։
«Եթե ես իմ դիտարկումներն այստեղ ասեմ, կստացվի, որ քննարկումները պետք է անենք բաց: Երբ որոշումը լինի կհրապարակենք, իսկ նյուանսների հրապարակումը հիմա սխալ է, քանի որ դրանք դեռ քննարկման ենթակա են»:
Անդրադառնալով մի ուժի կողմից իրականացված սահմանադրական փոփոխություններին, Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք իրենց գնահատականները տվել են և՛ սահմանադրական փոփոխությունների համար հանրաքվե անցկացնելու ԱԺ որոշման ժամանակ, և՛ երեկ՝ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։
«Մի քանի ժամերի մեջ մայր օրենք է փոխվում, որն արվում է բոլոր տեսակի ընդունված միջազգային չափորոշիչների խախտումով և նաև մեր Սահմանադրության, քաղաքական բոլոր էթիկաների, հանրային լսումների, քննարկումների շրջանցմամբ»,- նշեց նա։
Հարցին, թե սահմանադրական փոփոխություններից հետո ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացու կյանքում, Էդմոն Մարուքյանը պատասխանեց՝ ոչինչ չի փոխվելու.
«Դրա մասին էլ ենք խոսել, որ երբ երկրում օրը 400-500 մարդ վարակվում է կորոնավիրուսով, և մահեր ենք ունենում ամեն օր, իշխանությունն այդ ամենը թողած զբաղված է նման բաներով: Եթե իրենք քաղաքական օրակարգ են գեներացնում, դա չի կարող անպատասխան մնալ, դրա պատասխանը բնականաբար կլինի»:
Հարակից հրապարակումներ`
- Էդմոն Մարուքյան. Մենք շարունակում ենք քննարկումները ԲՀԿ մեր գործընկերների հետ
- Այս նիստով սահմանադրական հեղաշրջման հիմք է դրվում. ԲՀԿ-ն չի մասնակցի ԱԺ արտահերթին
- ԼՀԿ-ն չի բացառվում, որ չի մասնակցի հակասահմանադրական քննարկմանը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին