Հայաստանում է ԱՀԿ առաքելությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևին և ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական ու Լատվիայում ԱՀԿ ներկայացուցիչ Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
«ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու և առաջարկներ անելու համար:
Նախարարը հույս է հայտնել, որ աշխատանքներն ամփոփելուց հետո ԱՀԿ առաքելության առաջարկները կնպաստեն կորոնավիրուսային հիվանդության համավարակի դեմ պայքարին:
Միշել Թիերենը կիսվել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն կատարած այցերի մանրամասներով և տպավորություններով: Փորձագետները ծանոթացել են կորոնավիրուսով հիվանդների բուժման ընթացակարգերին: Նա նշել է, որ պացիենտների բաշխումը պետք է շատ մտածված կատարվի` ուշադրությունից դուրս չթողնելով այլ հիվանդություններով անձանց:
Շարունակելով առաքելության ղեկավարի միտքը` Արսեն Թորոսյանը խոսել է առաջնային օղակի բուժաշխատողների և նրանց պատրաստվածության մասին, որտեղ այս պահին ևս գերծանրաբեռնված իրականացվում է կորոնավիրուսով վարակված անախտանիշ, թեթև և միջին ծանրության անձանց տնային բուժումը և հսկողությունը: Նախարարն ասել է, որ մինչ այս անցկացվել են առցանց դասընթացներ ավելի քան 1000 բուժաշխատողի հետ` գիտելիքները հարստացնելու համար:
Հյուրն ընդգծել է, որ համավարակի դեմ պայքարում կարևոր է միջգերատեսչական և տեղական կազմակերպությունների համագործակցությունը` վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում: Նա խոսել է նաև 3 հիմնական միջոցառումների` դիմակներ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու և ձեռքերը լվանալու անհրաժեշտության մասին, հավելելով, որ պետք է խուսափել մասսայական հավաքներից, փակ տարածքներում միջոցառումներից և այլ բազմամարդ իրավիճակներից:
Կողմերը պատրաստակամություն են հայտնել փորձի փոխանակման համար կրկին հանդիպելու և ամփոփելու արդյունքները»,-նշված է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան