Ոսկրածուծի դոնորների ռեեստրում իրականացվող ցողունային բջիջների անջատումը՝ արտակարգ պայմաններում
Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրում այսօր առանձնահատուկ պատասխանատու և կարևոր օր է: Գերմանիայում բուժվող հայ հիվանդի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում իր հարազատ քույրիկը։ Այս մասին հայտնում են «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» հիմնադրամից։
Ոսկրածուծի դոնորների ռեեստրում այսօր իրականացվող ցողունային բջիջների անջատումը տեղի էր ունենում արտակարգ պայմաններում: Ամբողջ աշխարհում մոլեգնող համավարակի պատճառով տարբեր երկրներում կիրառվող սահմանափակումերը էլ ավելի են բարդացրել առանց այն էլ խիստ պատասխանատու և բազմափուլ գործընթացը: Հայաստանի և Գերմանիայի մասնագետներից մեծ ջանքեր են պահանջվել գործողությունների ամբողջ շղթան անխափան և սահուն իրականացնելու համար: Ամեն ինչ պետք է կատարվեր ժամացույցի ճշտությամբ, ոչ ոք չէր կարող հապաղել:
Դոնորական ցողունային բջիջները նույն օրը պետք է տեղափոխվեն Գերմանիա փոխպատվաստման նպատակով: Հայաստանի հանրապետության պետական կառույցները, լինելով գերծանրաբեռնված երկրում տիրող արտակարգ իրավիճակի պատճառով, ըմբռնումով և պատրաստակամությամբ են մոտեցել այս հարցին:
«Առանձնակի շնորհակալություն ենք ուզում հայտնել Հայաստանի Առողջապահության նախարարությանը, ՀՀ Պետ․ եկամուտների կոմիտեին, ՀՀ Պարետատանը, ՀՀ Քաղավիացիայի կոմիտեին և Բելավիա ավիաընկերությանը ցողունային բջիջների տեղափոխումը անխափան և առանց արգելքների կազմակերպելու համար»,- հայտնում են հիմնադրամից:
Այսօրվա իրադարձությունը վառ ապացույցն է այն բանի, թե ինչքան է համավարակը բարդացրել այն հիվանդների բուժման գործընթացը, որոնց համար պահանջվում է միջազգային համագործակցություն և բաց սահմաններ: Սա ևս միջազգային և պետական համագործակցության մարդասիրականգեղեցիկ քայլի օրինակ էր:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան