ՍԱՏՄ-ն կասեցրել է մոտ 200 կազմակերպությունների գործունեություն
Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված արտակարգ դրության պայմաններում պարետի որոշումների կատարման նկատմամբ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վերահսկողությունը հանրապետության արտադրություններում, հանրային սննդի օբյեկտներում և իրացման ցանցում շարունակվում է: Այս մասին հայտնում են կառավարությունից։
ՍԱՏՄ տեսուչներն այսօր խստացված ստուգումներ են անցկացրել Երևանի Ավան վարչական շրջանի սննդի շղթայում գործող տնտեսավարողների մոտ: Արդյունքում հայտնաբերվել են ջերմաչափման և ախտահանման մատյանների լրացման շեղումներ, ձեռնոցների և դիմակների համար նախատեսված փակ աղբամանի բացակայություն, իսկ հացի արտադրություններից մեկում աշխատակիցները չեն պահել սոցիալական հեռավորությունը, աշխատել են առանց դիմակների:
Արձանագրված խախտումների հիմքով մի շարք կազմակերպությունների կասեցման միջնորդություններ կուղարկվեն պարետատուն։
Մի քանի հանրային սննդի կետեր կատարված կրկնայցերը փաստել են, որ ուժեղացված ստուգումները տալիս են դրական արդյունքներ. թերացումներն ու խախտումները նվազել են:
Նախորդ երկու օրերի ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների հիմքով՝ այսօր ՍԱՏՄ կողմից կասեցվել է մոտ 200 սննդի շղթայի կազմակերպությունների գործունեությունը, որոնք անփույթ ու անպատասխանատու վերաբերմունք են ունեցել սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի նկատմամբ:
Դրանցից 8-ի աշխատանքը դադարեցվել է 72 ժամով. այս տնտեսավարողները պարետի որոշումների կրկնակի խախտողներ են:
Ստուգայցերը շարունակվելու են, խախտումների հիմքով կասեցումները՝ նույնպես: Կրկնախախտումներին կհետևեն ավելի խիստ պատժամիջոցներ:
ՀՀ պարետի N 110 որոշման համաձայն՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ոստիկանության կարգախմբերի հետ համատեղ շարունակում են մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ իրականացնել մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում։
Այսօր՝ հունիսի 23-ին, մշտադիտարկվել են Ավան վարչական շրջանում գործող կանոնավոր երթուղիներում շահագործվող և մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները։
Հայտնաբերվել են ՀՀ Պարետի կողմից տրված ցուցումների և անվտանգության կանոնների պահպանման խախտումների դեպքեր։
Կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցների նկատմամբ այսօր իրականացված դիտարկման արդյունքում արձանագրվել են միայն ախտահանիչ հեղուկի բացակայության դեպքեր, իսկ տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում՝ տրանսպորտային միջոցի առջևի նստատեղին ուղևորի առկայություն, ինչպես նաև հայտնաբերվել են առանց դիմակի վարորդներ։
Հայտնաբերված խախտումների հիմքով կազմվել են վարչական իրավախտման վերաբերյալ արձանագրություններ։
Վերահսկողությանը զուգահեռ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացվել են ակտիվ բացատրական և իրազեկման աշխատանքներ, տրվել ցուցումներ՝ Պարետի կողմից սահմանված անվտանգության կանոններին խստագույնս հետևելու և հակահամաճարակային միջոցառումները պատշաճ կերպով կատարելու նպատակով։
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում Տեսչական մարմնի կողմից իրականացվող դիտարկումները և վերահսկողական աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով։
Հարակից հրապարակումներ`
- Այսօր 24 ժամով կասեցվել է սննդի շղթայում գործող յոթ տասնյակից ավելի տնտեսավարողների գործունեություն.ՍԱՏՄ
- ՍԱՏՄ-ի թիրախում Աջափնյակ վարչական շրջանն է
- 24 ժամով կասեցվել է մի շարք հանրային սննդի կետերի գործունեությունը.ՍԱՏՄ