Ամերիկյան հրթիռակիր «Porter» ռազմանավը մտել է Բաթումիի նավահանգիստ
Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը հաղորդել է, որ ամերիկյան հրթիռակիր «Porter» ռազմանավը մտել է Բաթումիի նավահանգիստ:
«Մենք ուրախ ենք ողջունելու ԱՄՆ-ի «Porter» նավը Սև ծովում և Բաթումիի գեղեցիկ նավահանգստում, ուր մուտք է գործում արդեն երրորդ անգամ»,- դեսպանատան տարածած այս հաղորդագրությունը ներկայացրել է ՏԱՍՍ-ը:
Ըստ դիվանագիտական ներկայացուցչության, այցի նպատակը ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների կողմից սևծովյան տարածաշրջանային անվտանգության ապահովման և կայունության ամրապնդման հնարավորությունների զարգացումն է:
Չի հաղորդվում, թե որքան ժամանակ նավը կմնա Վրաստանում:
Վերջին անգամ ՆԱՏՕ-ի նավերն ապրիլին էին մտել վրացական նավահանգիստներ: Այն ժամանակ ՆԱՏՕ-ի նավատորմի երկրորդ մշտական ստորաբաժանման չորս նավերն էին մտել Փոթիի նավահանգիստ: