Հրայր Թովմասյան. Երեկ ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ
«Գործող Սահմանադրությամբ, որի հեղինակներից մեկն էլ ես եմ, Սահմանադրական փոփոխությունները ենթակա են նախնական սահմանադրական վերահսկողության»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ մեկնաբնելով ԱԺ կողմից երեկ ընդունված օրենքը։
Նա արձանագրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանն այդ օրենքի նախագիծը, նման փաստաթուղթ չի քննարկել։
«Գործող Սահմանադրության մեջ գրված չէ, եթե փոփոխությունները վերաբերելու են Սահմանադրական դատարանին, ապա դա ենթակա չէ սահմանադրական վերահսկողության։ Ես ընդամենը փաստերն եմ արձանագրում, գնահատականներ չեմ տալիս»,- լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց Հրայր Թովմասյանը։
Ի՞նչ է պատրաստվում անել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, քանի որ ԱԺ երեկ ընդունած օրենքը տարածվում է նաև իր վրա։
«Կա իրավունքի սկզբունք, առոչինչ իրավական ակտերին ոչ թե անձի իրավունքն է ենթարկվել կամ չենթարկվելը, այլ անձն իրավունք չունի դրան ենթարկվել»,- ասաց ՍԴ նախագահը։
Նա նկատեց, կպատասխանի իրավական բոլոր այն հարցերին, որոնք հետագայում չեն դառնա ՍԴ-ում քննության առարկա։
Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին, ապա ասաց, որ դրանց կպատասխանի որպես իրավաբան։
«Զսպվածություն ցուցաբերելով՝ որպես իրավաբան եմ ասում, երեկ մեր ԱԺ-ում տեղի ունեցածի համար պարզապես ամոթի զգացողություն ունեմ»,- ասաց նա։