«Ժողովուրդ». Ինչից էր վախենում իշխանությունը, որ հապճեպորեն ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Սահմանադրական փոփոխությունների մասին նախագիծն Ազգային ժողովն ընդունեց 89 կողմ ձայնով` առանց դեմ և ձեռնպահ ձայների: Նախագծով առաջարկվում է դադարեցնել 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները:
Այդպիսով կդադարեցվի Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը՝ որպես ՍԴ նախագահ, և 9 անդամներից 3-ի լիազորությունները` Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի: Ընդ որում, այս փոփոխությունները բավականին արագ են կատարվելու, և Ազգային ժողովի կողմից նախագծի հրապարակումից հետո պատգամավորները խորհրդարանում արդեն փակ գաղտնի քվեարկությամբ կարող են ՍԴ նոր անդամներ ընտրել:
Հավելենք, որ Սահմանադրական դատարանը սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի ՍԴ դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը կսկսի հուլիսի 7-ին, և, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են մինչև այդ ունենալ ՍԴ նոր կազմ, որպեսզի խուսափեն անակնկալներից, քանի որ չի բացառվում՝ այժմյան կազմով այն հակասահմանադրական ճանաչվի, և այդ դեպքում քրեական գործը կկարճվի:
Դրա հետ մեկտեղ ուշագրավ է, որ երեկվա դրությամբ իմքայլականները չունեին թեկնածուներ և այդ առումով բուռն քննարկումների մեջ էին՝ այդպես էլ չիմանալով՝ ում առաջադրել միանգամից երեք տեղի համար: Ընդ որում, ընտրությունը պետք է կայանա նույն օրը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան