350 աշակերտներ հնարավորություն կստանան օգտվելու հեռավար ուսուցման գործիքներից
Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի համանախագահ, Եվրախորհրդարանի պատվիրակության ղեկավար Անդրիուս Կուբիլիուսը և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որը վերաբերում է COVID-19-ի ճգնաժամի հետևանքները մեղմելուն ուղղված ԵՄ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող օժանդակությանը, ժողովրդավարության ամրապնդման, դատաիրավական եւ այլ ոլորտների բարեփոխումների աջակցմանը:
Հայտարարության մեջ նշված է, որ Եվրոպական միությունը (ԵՄ) հանդիսանում է Հայաստանի առանցքային գործընկերը բարեփոխումների ոլորտում, եւ այս համատեքստում հեղինակները ողջունում են դատաիրավական եւ ոստիկանության համակարգերում բարեփոխումների իրականացման Հայաստանի պատրաստակամությունը` անգամ COVID-19 ճգնաժամով պայմանավորված դժվարին պայմաններում: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից
«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի առաջընթացը արդարադատության բարեփոխումների ոլորտում: Ողջունում ենք Եվրոպական միության հաստատակամ հանձնառությունը` աջակցելու Հայաստանին` դատական համակարգն ամենաբարձր չափանիշներին համապատասխանեցնելու գործում»:
Պատվիրակությունների ղեկավարներն ընդգծել են, որ Հայաստանի կողմից իրավունքի գերակայության, արդարադատության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում բարեփոխումների հաջող իրականացումը նոր խթաններ կստեղծի եվրոպական ինտեգրման հավակնոտ ուղու և հետագա համագործակցության համար:
Անդրադառնալով COVID-19-ի հետևանքով ստեղծված ճգնաժամին` գործընկերները նշել են, որ Եվրոպական միությունը, հանդիսանալով Հայաստանի խոշորագույն դոնորը և գործընկերը, ճգնաժամի դժվարին իրավիճակում շարունակում է մնալ Հայաստանի կողքին` ամրապնդելով համերաշխությունը և միջազգային համագործակցությունը: Այսպես, ԵՄ-ն ավելացրել է տարեկան միջին օժանդակությունը` 40 միլիոն եվրոյից այն հասցնելով մինչև 65 միլիոն եվրոյի, ինչպես նաև հանձնառություն է ստանձնել տրամադրել 92 մլն եվրոյի աջակցություն` երկկողմ աջակցության դրամաշնորհների տեսքով: Արագ արձագանքման մեխանիզմի միջոցով արդեն ապահովվել է մարդասիրական օգնության փաթեթների բաշխումն ավելի քան 3000 անապահով տնային տնտեսությունների Շիրակի, Տավուշի և Լոռու մարզերում: Բացի այդ, 350 դպրոցահասակ երեխաներ հնարավորություն կստանան օգտվելու հեռավար ուսուցման գործիքներից` ապահովելով կրթության հասանելիության իրենց իրավունքի իրացումը:
Ա. Կուբիլիուսը և Գ. Աբրահամյանը նշել են, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հիմքով համագործակցությունը վերաճում է Հայաստանի և Եվրոպական միության միջև ռազմավարապես ամրապնդված գործընկերության: Ընդգծելով Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Մուտքի արտոնագրերի տրամադրումը դյուրացնելու և Առանց թույլտվության բնակվող մարդկանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրերի արդյունավետ իրականացումը` պատվիրակությունների ղեկավարները հույս են հայտնել, որ առավել սերտ համագործակցության և շարժունակության բարձրացման հաջորդ ուղենիշը պետք է լինի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը մոտ ապագայում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան