Երեկոյան Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանին, Ֆրանսիայից ժամանած բժիշկներին` թիմի ղեկավար Ալեքսանդր Մինյոնի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Ֆրանսիայից ժամանած բժիշկները հայ մասնագետների հետ առաջնագծում օրեր շարունակ պայքարել են պացիենտների առողջության համար, արել հնարավորինը, որպեսզի վերջիններս կարողանան հաղթահարել կորոնավիրուսային հիվանդությունը:
«Այս իրավիճակում` Ֆրանսիայի և Հայաստանի առողջապահության ոլորտում հարաբերությունների մի նոր փուլ ենք մտնում»,- իր խոսքում նշել է Ժոնաթան Լաքոտը:
Իրենց առաքելությունն ավարտելով այս փուլում` բժիշկների թիմը վերադառնում է հայրենիք: Իսկ Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին, ովքեր կժամանեն այսօր երեկոյան:
«Մեր գրասենյակի առաքելությունը Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդումն է, սակայն այս պայքարում մենք ներդնում ենք մեր ջանքերը նաև նման նախաձեռնությունների կյանքի կոչման համար, և ուրախ ենք, որ Ֆրանսիայից ժամանող հաջորդ խումբը ղեկավարվելու է հենց սփյուռքահայ բժշկի կողմից»,-նշել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
Արսեն Թորոսյանը երախտիքի խոսքեր է հայտնել Ժոնաթան Լաքոտին Ֆրանսիայի կողմից ցուցաբերված աջակցության համար,բժիշկներին հանձնել շնորհակալագրեր ու հուշանվերներ:
Հունիսի 14-ին Ֆրանսիայից Հայաստան էր ժամանել բժիշկներից բաղկացած առաջին խումբը, ովքեր 10 օր աշխատել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտահետազոտական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքներում, նաև Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոնում։
Բժիշկների այցը կազմակերպվել էր առողջապահության նախարարության, Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի, Սփյուռքի հանձնակատարի գրասենյակի և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համատեղ ջանքերով:
Հարակից հրապարակումներ`
- Լիտվացի մասնագետը ՀՀ-ում ներկայացրել է իր երկրում կորոնավիրուսի դեմ պայքարում տարվող 7 հիմնական քայլը
- Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան