Սա ոչ թե КПСС է այլ երևի SS է.Վահան Բաբայան
«Երեկվա խայտառակ, ամոթալի քվերակությունից հետո ԱԺ-ն Հայաստանը դարձրեց բանանային պետություն»,- ասուլիսում հայտարարեց «Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը՝ մեկնաբանելով նախօրեին Սահմանադրության փոփոխության վերաբերյալ խորհրդարանում կայացած քվերակությունը:
Բանախոսի կարծիքով, Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովն ուզուրպացնելուց հետո, երազել է ունենալ գրպանային դատարան, որը չէր թույլատրում գործող սահմանադրական դատարանը և այդ խնդիրն էլ լուծվեց նախորդ օրվա քվերակությամբ:
«Տեղի ունեցավ ՀՀ գործող նախագահի քաղաքական հուղարկավորությունը, տեղի ունեցավ դատական համակարգի ուզուրպացիա և մեկ անձի իշխանության ներքո անցավ դատական համակարգը»,- նկատեց Վահան Բաբայանը և պնդեց, որ Հայաստանը կորցրեց եվրոպական կառույցների և Վենետիկի հաձնաժողովի հետ համագործակցելու բոլոր հնարավորությունները:
«Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավարը համոզված է, որ Հայաստանը խնդիրներ կունենա միջազգային ֆինանսական ծրագրերի հարցում, քանի որ Եվրոպան չի կարող աչք փակել, երբ իր անդամ պետությունը խորհրդարնում միայնակ՝ առանց ընդդիմության, առանց Վենետիկի հանձնաժողովի կարծիքը լսելու, առանց հասարակության հետ հանրային քննարկում կազմակերպելու երկու ժամում փոխում է սահմանադրությունը:
«Սա ոչ թե КПСС է, այլ երևի SS է, որովհետև նման բան արել է միայն Հիտլերը, երբ որ սահմանադրության փոփոխությամբ արգելել է լրատվամիջոցների և թերթերի գործունեությունը, որով Գերմանիայում հիմնադրել է նացիստական բռնապետական ռեժիմը»,- շեշտեց Վահան Բաբայանը և հավելեց, որ 89 հոգով Հայաստանում հաստատվել է ավտորիտար ռեժիմ:
«Երբ նա բռնի զավթեց օրենսդիր մարմինը, նրան դեռ օգնում էին որոշ քաղաքական ուժեր, ընդդիմադիր շատ ներկայացուցիչներ՝ հույս տածելով, որ իրենց կողքով կշրջանցի Նիկոլ Փաշինյանը և ահա ուղտը չոքել է բոլորի դռանը և չգիտես ինչու բոլորը բարձրաձայնում են՝ վայ, վայ, էս ինչ է տեղի ունենում: Տեղի է ունենում այն, ինչ վաղուց Նիկոլ Փաշինյանն ասել է»,- իր հերթին հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության առաջնորդ Գառնիկ Իսագուլյանը:
«Ռեֆորմիստների կուսակցության» ղեկավար Վահան Բաբայանը հայտնեց, որ քաղաքացիներից բազմաթիվ զանգեր է ստանում և արտակարգ դրության ավարտի հաջորդ իսկ օրը հանրահավաք են հրավիրելու:
Գառնիկ Իսագուլյանը կոչ արեց արտակարգ դրության ժամանակ հանրահավաք անել, ինչին կտրուկ հակադրվեց Վահան Բաբայանը՝ փաստելով քաղաքացիների առողջական անվտանգության առաջնայնությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան