Ավիաընկերությունները պայքարում են գոյատևման համար
Կորոնավիրուսային ճգնաժամը, որը մարտ ամսից ի վեր կաթվածահար է արել համաշխարհային օդային երթևեկությունը, ծանր հարված է հասցրել մի շարք ավիաընկերությունների, մինչդեռ բազմաթիվ գլոբալ ավիաընկերություններ արձանագրել են ռեկորդային կորուստներ՝ ապավինելով կառավարության օգնությանը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
COVID-19- ի համաճարակը զգալիորեն անդրադարձել է օդային ճանապարհորդության վրա, ինչը հանգեցրել է թռիչքների չնախատեսված քանակի չեղարկմանն ամբողջ աշխարհում: Ամենուրեք սկսվել են կիրառվել խիստ սահմանափակումներ:
Ապրիլին, միջազգային ուղևորափոխադրումը նվազել էր գրեթե 80% -ով անցած տարվա համեմատ, իսկ ինքնաթիռների զգալի մասը մնացել էր կայանատեղիներում: Մասնագետների կարծիքով ավիաընկերություններին անհրաժեշտ են տարիներ` կորոնավիրուսային համաճարակի հետևանքներից հետո վերականգնվելու համար:
Չվերթների քանակը սահմանափակվել է, իսկ իրականացվող չվերթներին էլ պահպանում են խիստ հիգիենայի կանոններ ՝ ոլորտի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար:
Ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել հարյուր հազարավոր թռիչքներ, այդ թվում ՝ հունիս ամին ծրագրած թռիչքների 80%-ը կամ ավելին, քանի որ ԱՄՆ-ի ուղևորափոխադրումները մարտ-մայիս ամիսներին ընկել են 95%-ով:
Մայիսին «Ավիաընկերությունները հանուն Ամերիկայի» խումբը հայտարարեց, որ ԱՄՆ ավիաընկերություններն ամսական կրում են ավելի քան 10 միլիարդ դոլարի վնաս և միջինը մոտ 24 ուղևորներ փոխադրում միայն մեկ չվերթով կորոնավիրուսի համաճարակի պատճառով:
Ամերիկյան Boeing ընկերությունը հայտնում է, որ մայիսին շահագործման է հանձնել ընդամենը չորս ինքնաթիռ, իսկ ապրիլին՝ 6: Այս ցուցանիշը տասնամյակների ամենացածր թիվն է ընկերության համար, որը 87% -ով ավելի ցածր է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի վաճառքը:
Մայիսին հաճախորդները չեղարկել են ևս 18 ինքնաթիռների պատվերներ, այդ թվում 14 MAX ինքնաթիռները, որոնք ընկերության ամենաշատ վաճառվող ինքնաթիռներն էին մինչև անցած տարվա մի շարք վթարները:
Ապրիլին Boeing-ը գրանցեց զրոյական նոր պատվերներ: Այս ցուցանիշները վատագույնն են 1962 թվականից ի վեր:
Ինչպես հաղորդել է Boeing- ի մրցակից Airbus-ը, իր ավագ անձնակազմին հայտնել են, որ ընկերությունը պետք է վերակազմավորվի հունիսի վերջին:
Մայիսի վերջին Չիլիի LATAM Airlines Group ընկերությունը դարձավ մինչ օրս խոշորագույն փոխադրողներից մեկը, որը կորոնավիրուսի արդյուքում շտապ դիմեց վերակազմակերպման, մինչդեռ բրիտանական EasyJet-ը հայտարարել է, որ նախատեսում է կրճատել մինչև 4500 աշխատողների և վերանայել իր սպասարկման շուկան կորոնավիրուսի ճգնաժամի արդյունքում:
Իսկ Virgin Australia-ն իր հերթին հայտարարել է, որ մայիսի 22-ին ընկերությունը հանվել է վաճառքի:
Որոշ ավիաընկերություններ բարելավել են իրենց ծառայությունները ՝ փորձելով նվազագույնի հասցնել ֆինանսական վնասները՝ գոյացած ուղևորների պակասից:
«Ethiopian Airlines» ավիաընկերությունը իր ուղևորափոխադրող ինքնաթիռներից 22-ը վերածել է բեռնափոխադրող ինքնաթիռների՝ նպատակ ունենալով դիվերսիֆիկացնել ընկերությունը:
Բեռնափոխադրումների թռիչքների պահանջարկը մեծացել է՝ բժշկական սարքավորումների և պարագաների փոխադրումների հաշվին: Օդանավը ուղևորափոխադրողից բեռնափոխադրողի վերածելու համար ինժեներներին անհրաժեշտ է մոտ 36 ժամ, որպեսզի ինքնաթիռում հեռացվեն նստատեղերը: