«Փաստ». «Հայաստանում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել բացառապես անձնիշխան համակարգի ամրապնդման համատեքստում»
«Փաստ» թերթը գրում է. «Քաղաքագետ Արմեն Բադալյանի դիտարկմամբ, այսօր Հայաստանում տեղի ունեցող զարգացումները պետք է դիտարկել բացառապես անձնիշխան համակարգի ամրապնդման համատեքստում:
«Ես բազմիցս եմ նշել, որ 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո Հայաստանում անձնիշխան համակարգ է ձևավորվում, որն առաջնորդվում է կառավարման ավտորիտար ձևով: Այդ համակարգը չի հանդուժում որևէ այլընտրանքային մարմնի գոյություն, որը դուրս է այդ համակարգից: Լինի դատական մարմին՝ ինչպիսին ՍԴ-ն է, լինի 0,01 տոկոս վարկանիշ ունեցող մարմին՝ ինչպիսին Հանրային խորհուրդն է, թե լինեն անգամ քաղաքական ազդեցիկ մրցակիցներ, միևնույն է, բոլորը նույն գծի վրա են, և բոլորին պետք է ենթարկեցնել:
Ի դեպ, նման համակարգի պարագայում ոչ միայն քաղաքական ու պետական ինստիտուտներն են ներառվում անձնիշխան համակարգի մեջ, այլև ընդդիմությունը: Այն վերածվում է գրպանային ընդդիմության: Այդ անձնիշխան համակարգը ստիպում է, որ ընդդիմությունը ևս իրեն ենթարկվի, իսկ եթե չենթարկվի, ուղղակի չեզոքացնում կամ վերացնում է, իհարկե, ոչ ֆիզիկապես: Մեծ հաշվով, այս համակարգը չի հանդուրժում որևէ այլընտրանք ու վերացնում է իրեն չենթարկվող ցանկացած գործոն», «Փաստի» հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգը՝ շեշտելով, որ հիմա մենք ականատես ենք լինում նկարագրված երևույթին:
«Նման համակարգ ունեցող երկրներից լավագույն օրինակը Բելառուսինն է, ուր չկա մի մարմին, որը կհակադրվի երկրի ղեկավարի ցանկությանը: Այնտեղ դատական համակարգն ամբողջովին գրպանային է, ընդդիմադիր ուժեր, որպես այդպիսին, գոյություն չունեն: Գործադիր և օրենսդիր իշխանությունը, ՏԻՄ մարմինները, անգամ կրթական հաստատությունների գործունեությունը կախված է մեկ մարդուց: Մեզ մոտ հենց այս կառավարման համակարգն է ձևավորվում:
Երբ ՍԴ-ում վարչապետի համար ցանկալի մարդիկ կդրվեն, ու ՍԴ-ն նույնպես կենթարկվի իրեն և կընդունի իր որոշումները, չի բացառվում, որ հաջորդ թիրախը լինեն լրատվամիջոցները: Նաև լրատվական դաշտում զտումներ իրականացնելու հարց կդրվի, ինչի վերաբերյալ արդեն իսկ օրենքներ են բերվում: Հենց այս մեխանիզմով կգնանք առաջ, իսկ թե որքան, չեմ կարող ասել. ինչքան հասարակությունը թույլ կտա, այնքան էլ համակարգը կդառնա մենիշխան:
Երբ Նիկոլ Փաշինյանը չհրաժարվեց սուպերվարչապետական համակարգից, դեռ այդ ժամանակ պարզ դարձավ, որ գնում է ամեն ինչ ենթարկեցնելու ճանապարհով: Եթե այդ ճանապարհը չկանխվի հասարակության կողմից, ուրեմն այդ համակարգը կամրապնդվի»,-ընդգծեց Ա. Բադալյանը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում