Գյուղում բնակվող աշխատող ծնողը կստանա կրկնակի նպաստ երեխայի խնամքի համար
«Գյուղական բնակավայրերում բնակվող մինչև երկու տարեկան երեխա ունեցող ընտանիքներին ևս կնշանկվի խնամքի նպաստ, անկախ ծնողի աշխատելու հանգամանքից»,- խորհրդարանում հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը՝ ներկայացնելով «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Ըստ քննարկվող նախագծի, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում երեխայի հետ գյուղական բնակավայրի հասցեով հաշվառված և փաստացի բնակվող ծնողը, մինչև երեխայի երկու տարեկանը լրանալը, եթե երեխայի ծննդյան օրվա կամ խնամքի նպաստի համար դիմելու օրվա դրությամբ առնվազն մեկ տարի անընդմեջ հաշվառված է և փաստացի բնակվում է գյուղական բնակավայրի հասցեով, կարող է դիմել և ստանալ նպաստ:
Փոխնախարարի խոսքով, գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է, անկախ ծնողին, որպես վարձու աշխատող, խնամքի նպաստ նշանակելու և վճարելու հանգամանքից:
Փոփոխությունների արդյունքում, գյուղերում բնակվող աշխատող ծնողները կստանան երկու 26500-ական դրամ նպաստ, որը գումարային կկազմի 53 հազար դրամ:
Տեղեկացնելով, որ գյուղական բնակավայրում բնակվող ծնողին խնամքի նպաստ նշանակելու համար հիմք են հանդիսանում բնակչության պետական ռեգիստրի տվյալները ՝ փոխնախարարը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է գյուղական բնակավայրում խնամքի նպաստը նշանակել հղիության և ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի վերջին օրվան հաջորդող ամսվա 1-ից:
Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ առաջարկվող կարգավորումներով խնամքի նպաստի համար դիմելու ժամկետը վեց ամսվա փոխարեն սահմանել են 12 ամիս և վերացվել է նաև նպաստը նշանակելու համար ծնողի` Հայաստանում գտնվելու պահանջը:
Եթե նախկին իրավական կարգավորումներով ծնողի դիմելուց հետո վերականգնվում էր նրա 6 ամսվա չստացած նպաստը, ապա նոր նախագծով դիմելուց հետո ծնողը կարող է ստանալ նախորդ ամբողջ ժամանակահատվածի համար չստացած գումարները:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ 2020 թվականի հուլիսի 1-ից խնամքի նպաստի չափը 16500 դրամից բարձրացել է 26500 դրամի և նախագիծն ընդունվելու դեպքում բյուջեից լրացուցիչ 174.9 մլն դրամի միջոցներ կհատկացվեն 2020 թ. համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում