Սահմանամերձ համայնքներում պետք է խնամքի նպաստի չափը ավելի բարձր լինի. պատգամավոր
«Ներկայացվող նախագիծը նպատակին հասցնելու համար, կարծում եմ, պետք է բարեփոխել»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանին։
Հիշեցնենք, որ վերջինս խորհրդարանին էր ներկայացրել «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020 թվականի հուլիսի մեկից գյուղական բվնակավայրերում ապրող մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 16500 դրամից դարձնել 26500 դրամ։
Սարգիս Ալեքսանյանի խոսքով, սահմանամերձ համայնքներում դեմոգրաֆիկ խնդիրն ավելի խորն է, ուստի պետք է այդ գյուղերին առանձնակի ուշադրություն հատկացնել և նպաստի այլ չափ սահմանել։
«Օրինակ, Տավուշի մարզի Չինչին, Բարեկամավան և Այգեպար գյուղերում այս տարի ընդամենը 1 շրջանավարտ է եղել։ Արդյո՞ք կառավարությունը նշածս խնդիրը քննարկել է՝ հաշվի առնելով հանգամանքը, որ սահմանամերձ համայնքներում ծնելիության մակարդակը ցածր է, իսկ նպաստի չափի ավելացումը ինչ-որ կերպ կմեղմի խնդիրը»,- նշեց պատգամավորը։
Արձագանքելով՝ Սմբատ Սաիյանը նշեց, որ նախագիծը ժողովրդագրական իրավիճակը բարելավելու տրամաբանությունից է բխում, և սահմանամերձ համայնքներ և այլ գյուղական համայնքներ տարբերակում չի եղել։
«Բայց դա չի նշանակում, որ մենք չենք կարող դիտարկել նաև Ձեր նշած առաջարկը։ Սա զուտ ժողովրդագրական խնդիրը կարգավորելուն միտված նախագիծ է, և տարբերակումներ չկան։ Սահմանամերձ համայնքների համար այլ ծրագրերով կան որոշակի արտոնություններ, իսկ այս պահին այս ծրագրի հետ կապված նման հարց չի քննարկվում։ Մենք այսօր քննարկում ենք ժողովրդագրական աճի քաղաքականության համար առկա մի քանի ծրագրերից ընդամենը մեկը։ Առաջիկայում այլ ծրագրեր ևս կքննարկվեն, և այդտեղ նախատեսել ենք սահմանամերձ բնակավայրերի համար լրացուցիչ արտոնություններ։ Իսկ հիմա խնդրահարույց է տարբերակում դնելը, քանի որ այս դեպքում մարդիկ կհաշվառվեն մի համայնքում, բայց կբնակվեն այլ համայնքում, ըստ էության, գործ կունենանք չարաշահման հետ։ Սա վարչարարությունը էապես կբարդացնի»,- նշեց Սմբատ Սաիյանը։