450 մլն ԱՄՆ դոլարի ներդրում է կասեցվել. Գրիգորյան
«Առաջարկում ենք՝ երբ վարչական ակտը վիճարկում է հասցեատեր չհանդիսացող անձը, ապա դրա կասեցումը կատարվի միայն դատարանի կողմից միջնորդությունը բավարարելու դեպքում»,- խորհրդարանում ասաց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանը՝ ներկայացնելով «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։
Նրա խոսքով, ներկայումս շինարարության թույլտվությունների հետ կապված առաջացել է իրավիճակ, որ վարչական կամ դատական կարգով բողոքարկման պայմաններում կասեցվում են շինարարական աշխատանքները։
«Այժմ շուրջ 60 շինարարական թույլտվություններ կասեցված են, և զուգահեռաբար մոտավորապես 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրում է կասեցվել։ Երևան քաղաքի տվյալներով 125 հազար քմ ընդհանուր մակերեսով կառուցապատման աշխատանքներ չեն իրականացվում»,- ներկայացրեց նա։
Արդարադատության փոխնախարարը նշեց, եթե ներկայացված օրենքի նախագիծն ընդունվի, ապա կասեցված վարչական ակտերի կատարումը պետք է վերսկսվի, և կողմերն իրավունք կունենան դատարանին ներկայացնել միջնորդություն՝ կասեցնելու այն, եթե օրենքով սահմանված հիմքերն առկա են։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանը հետաքրքրվեց՝ նախագծի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում են հայտնել վարչական դատարանն ու վարչական վերաքննիչ դատարանը. «Կուզեի իմանալ նաև, թե նախագծի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում ունի Երևան համայնքը»։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Ռաֆիկ Գրիգորյանը նշեց, որ հարցն ի սկզբանե բարձրացրել է Երևանի քաղաքապետարանը, և իրենք են նշել՝ իրենց տրամադրած շինթույլտվությունների մասով շինարարական աշխատանքները կասեցվում են՝ որոշ դեպքերում իրավունքի չարաշահման միջոցով։
«Վարչական վերաքննիչ դատարանից ստացել ենք որոշակի դիտողություններ, որոնք հաշվի կառնենք առաջինից երկրորդ ընթերցում, իսկ վարչական դատարանի դատավորներից մեկը անձամբ է կասեցրել իրեն հասցեագրված գործերից մեկի վարույթը և դիմել է ՍԴ հենց այս մասով, և ՍԴ-ն վարույթ է ընդունել ու քննում է գործը»,- նշեց նա։
Արթուր Դավթյանն էլ հետաքրքրվեց՝ իսկ եթե շինարարությունը չկասեցվի և դրա ավարտից հետո դատարանը կայացնի վճիռ, որով անվավեր կճանաչի շինարարության իրականացման ակտը, և խնդիր առաջանա շենքը քանդելու, ո՞վ կփոխահտուցի վնասը։
Ի պատասխան՝ Ռաֆիկ Գրիգորյանն ասաց՝ նախագիծն այդ հարաբերությունները չի կարգավորում.
«Մենք արդեն իսկ օրենքի կարգավորում ունենք, ըստ որի՝ սխալ վարչարարության հետևանքով առաջացած վնասի դեպքում հատուցումը պետության կամ համայնքի վրա է, եթե իհարկե կառուցապատողը բոլոր սահմանված նորմերը պահել է»։