Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը
Հունիսի 23-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով Ֆրանսիայից Հայաստան ժամանեց բժիշկների երկրորդ խումբը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:
Առաքելության խմբի անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը և Գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը:
ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց ՀՀ առողջապահության նախարարության և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության հետ սերտ համագործակցությամբ:
«Ֆրանսիայից արդեն բժիշկների 2-րդ խումբն է, որ մեր գրասենյակի անմիջական ներգրավվածությամբ գալիս է Հայաստան: Ուրախ ենք, որ այս խմբում երկու հայ բժիշկ ունենք. խմբի ղեկավարն է հանրահայտ ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը, և ռեանիմատոլոգներից մեկն էլ Հայկ Վարդանյանն է: Այսպիսով՝ նման նախաձեռնություններից անմասն չեն մնում նաև սփյուռքի մեր մասնագետները»,-նշեց Զարեհ Սինանյանը՝ հավելելով, որ բանակցություններ են տարվում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և այլ երկրների հայ բժիշկների հետ նրանց Հայաստանում նման առաքելությունների ներգրավելու համար:
«Մեր տեղացի բժիշկները շատ սրտաբաց ընդունեցին իրենց օտարերկրացի գործընկերներին, և նախորդ խմբի արդյունքներն ամոփոփելով՝ կարող եմ ասել, որ շատ գեղեցիկ համագործակցություն է ստացվել: Մենք պետք է շարունականությունն ապահովենք: Այսօր այս խումբը կհանդիպի նախորդ խմբին, և նրանք կփոխանցեն իրենց տպավորությունները, փորձառությունը: Շատ ջանքեր են ներդրվում, որ նման առաքելոււթյունները հնարավոր դառնան»,-ընդգծեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը:
Փարիզի և Մարսելի լավագույն բուժհաստատություններից 9 բժիշկներ իրենց առաքելությունը կիրականացնեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում:
Հարակից հրապարակումներ`
- Երեկոյան Հայաստանը սպասում է Ֆրանսիայից բժիշկների երկրորդ խմբին
- Հայաստան է ժամանել ռուսաստանցի բժիշկների առաջին խումբը
- Հատուկ չվերթով ռուսաստանցի բժիշկներ կգան Հայաստան
- Սերբիայից Հայաստան է ուղարկվել բժշկական պարագաներով ու սարքավորումներով օգնություն
- Լիտվան բուժանձնակազմ և բժշկական օգնության է ուղարկել Հայաստան
- Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են
- Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Գիորգի Գախարիա
- Լիտվան բժիշկների ու փորձագետների խումբ կգործուղի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան