Խաժակյանը՝ Մարությանին. Ոչ թե ձեզ ծանուցում կտային, այլ 6-րդ վարչությունը կմտներ այստեղ ու ձեզ սպեցնազով դուրս կհաներ
Երևանի ավագանու նիստում «Լույս» խմբակցության» անդամ Դավիթ Խաժակյանը հայտարարեց, որ երեկ առավոտյան «Լույս» խմբակցության ամրագրված մեքենայի վարորդի տուն է այցելել քրեական ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանները, տարել ոստիկանություն՝ բացատրություն տալու։
«Հարցերը, որոնք ուղղվել են վերջինիս, նպատակ են ունեցել պարզելու, թե որքանով է նա իրականացնում իր աշխատանքային պարտականությունները, ինչու եմ ես ոստիկանության կողմից, բնականաբար, առանց իմ իմացության ամսիներ շարունակ ինձ լուսանկարած նկարներում վարում խմբակցության մեքենան։ Ոստիկանները բաժին են հրավիրել նաև կնոջը, որպեսզի վերջինս հաստատի, որ նա տեղյակ է, թե ինչ աշխատանք է կատարում նրա ամուսինը։ Երեկ զուգահեռաբար ստանում եմ քննչական կոմիտեից ծանուցում, ինձ հրավիրում են հարցաքննության բոլորովին այլ գործի շրջանակներում։ Սա Երևանի ավագնու ընդդիմադիր անդամի նկատմամբ քաղաքական հետապնդում է»,- հայտարարեց Դ.Խաժակյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարցադրում արեց, թե ինչի՞ց պետք է այդ մարդիկ խառնվեն իրար, վախենան։
«Ձեր ելույթների՞ց։ Ձեր ելույթները միայն մեր օգուտն են։ Վստահեցում եմ՝ ոչ մեկ ոչ մեկին չի ուզում լռեցնել, ինչքան մարդիկ շատ խոսեն, այսօրվա իշխանությունների օգուտն է»,- ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով, օրենքի առաջ բոլորը հավասար են, թողեք այդ մարդիկ իրենց գործն անեն։
Խաժակյանն արձագանքեց. «Լավ չեմ հասկանում, թե ինչու եք 6-րդ վարչության խոսնակի կամ պաշտպանի դերակատարումը ստանձնել։ Ուզում եմ ձեր խոսքին ի պատասխան ասել, որ եթե քրեական գործերի կամ հնարավոր գործերի վերաբերյալ ձեր նկատմամբ այնպիսի մանրախնդրությամբ մոտենային, ինչպես իմ նկատմամբ, ոչ թե ձեզ ծանուցում կտային՝ խնդրելով ներկայացեք, այլ ձեր այսքան ժամանակվա գործունեության արդյունքից ելնելով 6-րդ վարչությունը կմտներ այստեղ ու ձեզ սպեցնազով դուրս կհաներ։ Ուստի իմացեք, ակնհայտ տարբերություն կա, դրա մասին ուշ թե շուտ մարդիկ կիմանան, և դուք էլ մի օր հայտնվելու եք այն կարգավիճում, գուցե ոչ ՀՀ-ից, այլ արտերկրից սկսեք ծանուցումներ ուղարկել , որ իմ նկատմամբ հարուցված քրեական գործերը քաղաքական են»։
Հ. Մարությանը բացառեց, որովհետև, ըստ նրա, տարբեր մարդկանց տարբեր տիպի հայտարարությունները, որոնք երբեմն աբսուրդ են, պատկան մարմինները վերցնում են ու վարույթ սկսում, ամենաաբսուրդ հարցերով իրեն, աշխատակազմի ղեկավարին, փոխքաղաքապետին կանչում են հարցաքննության։
«Ինչո՞ւ եք խառնվել իրար։ Եթե ձեր կարծիքով սա աբսուրդ է, ուրեմն աբսուրդ է, ինչ քաղաքական գործիչ, ինչ հետապդնում, լավ էլի»,- ասաց Հայկ Մարությանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան