Ռուբեն Վարդազարյան. Ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ
Բարձրագույն Դատական Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանն արձագանքել է քննչական մարմինների և դատախազության հայտարարություններին։
«Իրենց գործին նվիրված, իրավաբանական փայլուն գիտելիքներ ունեցող, սկզբունքային ու բարոյական բարձր հատկանիշներով օժտված արհեստավարժ քննիչներին և դատախազներին՝ նախօրեին հնչեցրածս դիտարկումներն իհարկե չեն վերաբերվում:
Ավելին, ամենայն հարգանք տածելով գործընկերների նկատմամբ, նշեմ, որ իմ ընդհանրական գնահատականներում առկա իրավիճակն է բնութագրվել, ինչը ոչ թե նեղանալու, «խորը» վիրավորվելու, այլ առկա մտահոգիչ իրողություններից անհրաժեշտ հետևություններ անելու առիթ պիտի հանդիսանա: Ոչ ոք իրավունք չունի թերագնահատել կամ նսեմացնել նախաքննական, քննչական մարմինների և դատախազության ծանրաբեռնված աշխատանքը, որն իրականում մի քանի անգամ բազմապատկվել է 2018 թվականից հետո՝ երկրում հաստատված նոր իրականության պայմաններում:
Իմ հայտնած մտահոգություններն ու թերությունների բարձրաձայնումը միտված են դատաիրավական համակարգի խնդիրների օբյեկտիվ ախտորոշմանն ու արդյունավետ աշխատանքի կազմակերպմանը: Հարցազրույցում, հավասարապես, խոսել ու մատնանշել եմ դատական իշխանությունում առկա խնդիրների ու բացերի մասին, տվել իմ գնահատականները, ինչը կարևոր է նաև հանրային ճիշտ և օբյեկտիվ ընկալում ունենալու համար:
Ձեր հայտարարություններում առկա դիտարկմամբ՝ մեջբերում եմ. «Իհարկե, հնարավոր է, որ նախաքննական մարմիններում լինեն քննիչներ, որոնց մասնագիտական որակները դեռևս բարելավման կարիք ունեն», ըստ էության, հաստատում և կիսում եք իմ հնչեցրած մտահոգությունները, և առնվազն տրամաբանական չէ իմ անունից դրանց վերագրումը նախաքննական մարմինների բոլոր աշխատակիցներին:
Պետաիրավական համակարգում իմ բազմամյա գործունեության ընթացքում, գործընկերների հետ աշխատանքային` նաև անձնական շփումներում միշտ անթաքույց արտահայտել եմ և՛ իմ բարձր գնահատականը դատաիրավական համակարգի նվիրյալների, պետական մտածողությամբ օժտված պրոֆեսիոնալների աշխատանքի, և՛ առկա թերությունների ու թերացողների մասին: Այս համատեքստում, առնվազն, ազնիվ չէ մեղադրել ինձ համակարգեր թիրախավորելու մեջ:
Հ.Գ. Քննչական մարմինների և դատախազության հարգելի գործընկերներ, հորդորում եմ տեղափոխվել մասնագիտական և պրոֆեսիոնալ հարթություն, կառուցողական, հրապարակային և արդյունավետ ջանքերով` համատեղ լծվել դատաիրավական համակարգի առջև ծառացած խնդիրների հաղթահարմանը՝ հանուն Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի»,- ասված է հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազությունը ԲԴԽ նախագահի հայտարարությունն անհաշվենկատ է որակում
- ՀՔԾ-ն, ՊԵԿ-ն ու ՔԿ-ն ակնակալում են, որ ԲԴԽ նախագահը հրապարակային ներողություն կխնդրի
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին