Ինչի՞ն է ուղղվելու պետության՝ 315 մլն դոլար վարկով վերցրած գումարը
«Հիմա մենք վարկային շատ մեծ միջոցներ ենք ներգրավվում, արդյո՞ք պլանավորվում է ֆինանսական աջակցություն տրամադրել մարդկանց, որոնք կորոնավիրուսային համավարակի պատճառով կորցրել են աշխատանքը, կամ ուղղակի աշխատավարձ չեն ստացել»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին։
Հիշեցնենք, որ Ա. Հայրապետյանը ներկայացնում էր Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) միջև 2020 թվականի մայիսի 23-ին և հունիսի 1-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման և լրացուցիչ փոխառու միջոցների ներգավվման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, ըստ որի ՀՀ կառավարությունը նախատեսում է 315 մլն դոլարի բյուջետային վարկ վերցնել ԱՄՀ-ից։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ ֆինանսների փոխնախարարը նշեց՝ խորհրդարանն արդեն իսկ հաստատել է ծախսերի այն ուղղությունը, որ կառավարությունը պետք է իրականացնի։
«Այս վարկային միջոցի ներգրավվումը ուղղակի հնարավորություն է տալիս կյանքի կոչել կառավարության կողմից ներկայացված և ԱԺ-ի կողմից հաստատված պետական բյուջեի ծրագրերը։ Բնականաբար, այդ միջոցները հնարավորություն են տալու իրականացնել արդեն իսկ հաստատված ծրագրերը, և կոնկրետ ծրագրի հետ փոխկապակցված չէ այս վարկը։ Երբ հարկերը նվազում են, իսկ կառավարությունը ծախսերը մեծացնում է, լրացուցիչ միջոցներ են պետք լինում, որպեսզի հնարավոր դառնա կատարել բյուջեով նախատեսված ծրագրերը»,- ասաց Ա. Հայրապետյանը։
Է. Մարուքյանն էլ արձագանքեց՝ արդյո՞ք այդ հաստատված ծրագրերից որևէ մեկով քաղաքացիներին տրվելու է ուղղակի ֆինանսական աջակցություն։ Նա հիշեցրեց՝ խոսքը այն քաղաքացիների մասին է, որոնք կորցրել են աշխատանքը, եկամուտը կամ արտագնա աշխատանքի գնալու հնարավորությունը.
«Որքանով հիշում եմ, կոմունալները վճարելու մասին ևս խոսք կար նախագծում»։
Արմեն Հայրապետյանն էլ պատասխանեց՝ վերցվող միջոցները հնարավորություն կտան երկրում կայուն ֆինանսական իրավիճակ ստեղծելու։
«Թե ինչպիսի ծրագրեր են հաստատված և ինչպիսիք դեռ կհաստատվեն, ես դժվարանում եմ ասել»,- եզրափակեց խոսքը ֆինանսների փոխնախարարը։