Ծախսերի որոշակի աճի հաշվին կատարվում են նախկիններից ժառանգած ծրագրեր՝ երբեմն ավելի դանդաղ. Թանդիլյան
«2019 թվականը եղել է հաջող տարի, ինչը հիմք է տալիս ասելու, որ մենք կհաղթահարենք դժվարությունները, և միասնական կկարողանանք լուծել խնդիրները»,- ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով 2019 թվականի ՀՀ պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությանը։
Նրա խոսքով, 2019 թվականի տնտեսական ձեռքբերումները լավ հիմք կարող են լինել 2020-ին տնտեսական լավ ցուցանիշներ չարձագանքելու դեպքում էլ երկրի հետագա անվտանգությունն ապահովելու համար։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն էլ նշեց, որ ծրագրային իմաստով ՀՀ-ն շարունակում է ունենալ իներցիոն բյուջե։
«2019 թվականի պետական բյուջեի ծրագրերի զգալի մասը էականորեն թերակատարվել է, ընդ որում այստեղ կարևոր է ոչ թե ծախսերի չափը, այլ ծրագրերի բովանդակությունը։ Թերակատարված ծրագրերի մեծ մասը ենթադրել է ռեֆորմներ տարբեր ոլորտներում։ Ռեֆորմների պարագայում որևէ առաջընթաց չենք գրանցել՝ ո՛չ դատական, ո՛չ սոցիալական, և ո՛չ որևէ այլ համակարգում։ Հենց ռեֆորմների բացակայությունն է կառավարության գլխավոր խնդիրներից մեկը։ Չկա մի ոլորտ՝ մասնավորապես տնտեսության մեջ, որտեղ տեղի է ունեցել էական այնպիսի ռեֆորմ, որը հիմք կդնի ապագա կայուն զարգացման։ Ընդամենը ծախսերի որոշակի աճի հաշվին կատարվում են նախկիններից ժառանգած ծրագրեր՝ երբեմն ավելի դանդաղ»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով, բյուջեի չկատարողականի հիմնավորման մեջ կարմիր թելով անցնում է «չենք հասցրել» միտքը՝ «չենք հասցրել մրցույթ անել», «չենք հասցրել չափանիշներ մշակել», «չենք հասցրել, բայց կանենք մյուս տարի»։
Պատգամավորն ասաց, որ բազմաթիվ ծրագրեր և չկատարման հիմնավորումներ նույնությամբ կրկվում են 2018 թվականի կատարողականում, և նրա խոսքով, այնպիսի տպավորություն է, որ նույնը լինելու է նաև 2020 թվականի կատարողականի ժամանակ.
«Պետք է ուղիղ և ազնիվ լինել, գրել այնպիսի ծրագրեր, որոնք կառավարությունն ի զորու է կատարելու, որոնց համար ունի բավարար ռեսուրսներ։ Թե չէ բյուջեի ներկայացման բոցաշունչ ելույթներից հետո այդ բարեփոխումները չանելու հիմնավորումները իսկապես զարմանալի են»։
Ըստ Մանե Թանդիլյանի, բյուջետային ծախսերի անարդյունավետությունն անդրադառնում է նաև տնտեսական աճի, հետևաբար նաև մարդկանց կյանքի որակի վրա։
«Բնապահպանական ծախսերը օրենքի խախտումով քիչ են պլանավորվում, և դա բոլորին հայտնի է, բայց ցավոք, անգամ եղած հատկացումները ոլորտի մասնագետները հավանաբար շատ են համարում, և դարձյալ թերակատարում է լինում, այնինչ, տարիների ընթացքում կուտակված բնապահպանական խնդիրների լուծման համար մի ամբողջ բյուջե չի հերիքի։ Եվ պատկերը նույնն է գրեթե բոլոր ոլորտներում։ Ինձ մնում է միայն հուսալ, որ խորացող ճգնաժամը կզգաստացնի իշխանությանը՝ առաջին հերթին ժամանակի արդյունավետ կառավարման իմաստով»,- եզրափակեց խոսքը Մ. Թանդիլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Սպասվում է պետական պարտք-ՀՆԱ 50-60% հարաբերակցություն. Ատոմ Ջանջուղազյան
- Ջանջուղազյանը խոսեց ԱԺ դատարկ դահլիճում
- Առաջին եռամսյակում հարկային եկամուտները գերակատարվել են 9 մլրդ դրամով. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան