Իրանը Հնդկական օվկիանոսում կստեղծի նոր ռազմաբազա
Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին երկրի Ռազմածովային ուժերին հրահանգել է մշտական ներկայություն հաստատել երկրից հեռու ջրերում: Այս մասին հայտարարել է Ռազմածովային ուժերի ադմիրալ Ալիրեզա Թանգսիրին, հավելելով, որ Հնդկական օվկիանոսում նախատեսվում է ստեղծել մշտական ռազմական հենակետ՝ մինչև հաջորդ տարվա մարտ: Այս մասին գրում է Mig News-ը։
Հղում անելով իրանական ձկնորսների նկատմամբ պիրատների ու որոշ օտարերկրյա նավերի մշտական հետապնդումներին՝ Թանգսիրին ասել է, որ այլևս թույլ չեն տա նման հետապնդումներ Հնդկական օվկիանոսում ու Օմանի ծովում։
Նշվում է, որ վերջերս երկու ռազմածովային նավակազմ է ուղարկվել Հնդկական օվկիանոս:
Ներկայումս Չաբահարի նավահանգիստը, որը գտնվում է Օմանի ծոցում, Իրանի միակ օվկիանոսյան նավահանգիստն է և ազատված է ԱՄՆ պատժամիջոցներից: