Կառավարությունն ասում է՝ քիչ քննադատեք, բայղուշություն մի արեք, լավ կլինի, գործը լավ կանենք. Մարուքյան
«Իշխանություններին չի հետաքրքրում, որ բյուջեի կատարողականի քննարկմանը չի մասնակցում ընդդիմադիր ֆրակցիաներից մեկը, և ընդհանրապես, քննադատություններն էլ չեն հետաքրքրում»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով 2019 թվականի պետական բյուջեի կատարողականին։
Նրա խոսքով, երբ ընդդիմությունն ասում է՝ բյուջեն թերակատարվել է, դա միայն ճանապարհաշինությանը չի վերաբերում, և այս առումով ամբողջ մեղքը որևէ մեկը չի բարդում մի նախարարության վրա, այլ դա ամբողջ կառավարությանն է վերաբերում։
«Բյուջեն թերակատարվել է, այսինքն՝ ժողովուրդը հավաքել է փող, բերել տվել է այս հրաշալի մարդկանց, իսկ իրենք չեն ծախսել այդ փողը, թերակատարումը դա է։ Փողը եղել է, ծրագրավորված է եղել, բայց հիմա ունենք ծրագրեր, որոնց կատարումը զրո է, կամ 20% է։ Եվ խոսում եք, որ 2019-ը լավ, ակտիվ տարի էր, այո, մենք էլ ենք դա ասում, բայց այդ ակտիվ, լավ ժամանակ ժողովուրդը փողը հավաքել է, բերել է տվել ձեզ, իսկ դուք չեք կարողացել դա այնպես ծախսել, որ ժողովրդի համար ավելի լավ լինի։ Հիմա ՀՀ-ն գտնվում է խորը՝ առողջապահական, սոցիալական, տնտեսական և քաղաքական ճգնաժամի մեջ, և տպավորություն է, որ կառավարությունն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, լավ կլինի, մենակ թե քիչ քննադատեք, բայղուշություն մի արեք, ամեն ինչ լավ կանենք»,- նշեց նա։
Ըստ Էդմոն Մարուքյանի, վատ է իրավիճակը, և ցուցանիշները ցույց են տալիս, որ ապագայում ավելի վատ կլինի, իսկ իշխանությունն այդ ընթացքում ամեն ինչ անում է՝ ընդդիմությանը լռեցնելու համար։
Պատգամավորի խոսքով, փոխարենն այնպես անեն, որ տնտեսությունը զարգանա, սոցիալական երաշխիքներ լինեն, մարդկանց կյանքը լավանա, իշխանությունը զբաղվում է ընդդիմախոսներով և մամուլով։
«ՏՄՊՊՀ-ն թերթերին հարցաշար է ուղարկում և ասում՝ տվեք ձեր կոմերցիոն գաղտնիքները՝ ինչ գովազդներ եք տալիս, ինչքան եք տալիս, ոնց եք տալիս։ Մտել է այդ դաշտ։ Բոլոր խնդիրները թողած ՏՄՊՊՀ-ն զբաղված է թերթերով, ում ասենք, ծիծաղի առիթ կտանք։ Դա խայտառակություն է, որ իշխանությունը զբաղված է սրանով։ Քաղաքական մեծամասնությունն էլ այդ ընթացքում զբաղված է իր՝ ժամանակին տված խոստումներով, որոնք իրավական հստակ ճանապարհներով չի կարողանում իրականացնել, և անում է սահմանադրական նորմերի, օրենքների խախտման միջոցով։ Սա է իրավիճակը։ Հիմա ժողովուրդը էլ փող չունի, որ հավաքի, տա կառավարությանը, իսկ երբ կար՝ չէր ծախսվում։ Քաղաքական հարց կա՝ ինչո՞ւ չէր ծախսվում, ինչո՞ւ նորմալ չեն աշխատել... ով չի աշխատել, պետք է վերանայել։ Ոչ թե ամեն տարի գալ ու նախկիններին մեղադրել, և զբաղվել քաղաքական ընդդիմախոսներով։
Իմ վրա հարձակվում եք, բռնություն գործադրում, մյուս ֆրակիցայի ղեկավարի նկատմամբ գործ է հարուցվում, գնում է, դատարանը բաց է թողնում։ Ձեր վերջին շրջանի արած քայլերը սրանք են, դուք զբաղված եք քաղաքական ընդդիմախոսությունը ճնշելու, ընդդիմադիր թերթերին լռեցնելու գործերով։ Պարոն վարչապետ, երբ եղել եք խմբագիր, ՏՄՊՊՀ-ն դիմե՞լ է Ձեզ, կամ ասե՞լ է՝ գովազդը քանի դրամով եք դնում։ Կամ լրագրողին կանչում են հարցաքննելու, որ իմանան՝ հոդվածում այսինչը գրելով ինչ է նկատի ունեցել... այս ի՞նչ մշակույթ եք բերել։ Անդադար ելույթ եք ունենում, թե ՀԿ սեկտորից եք եկել, լրագրող եք եղել, ո՞նց կարող եք հիմա լրագրողի իրավունքները ոտնահարել, բա հիմա ինչո՞ւ եք լռում։ Հետաքրքիր է, ՏՄՊՊՀ-ն իշխանությանը գիշեր-ցերեկ ծառայող կայքերին է՞լ է դիմել»,- նշեց Էդմոն Մարուքյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ծախսերի որոշակի աճի հաշվին կատարվում են նախկիններից ժառանգած ծրագրեր՝ երբեմն ավելի դանդաղ. Թանդիլյան
- «Մեդիա պաշտպան». Հայաստանում այլակարծությունը դատապարտվում է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան