Մի քանի բնակարան ունեցողները պետք է այլ տարբերակով գույքահարկ վճարեն. Աղազարյան
«Առաջարկում ենք 2021 թվականին վճարել նոր կանոններով հաշվարկվող հարկի 25%-ը, 2022-ին՝ 50%-ը, 2023-ին՝ 75%-ը, իսկ ահա 2024-ին՝ 100%-ը»,- ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը՝ անդրադառնալով «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին։
Հիշեցնենք, որ խորհրդարանը երեկ առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը, ըստ որի՝ քաղաքացիներից գանձվող գույքահարկի շեմը և դրույքաչափերը բարձրանալու են։
Նրա խոսքով, նոր առաջարկը բարեփոխումների առաջին տարիների համար ավելի ցածր տեմպ է ենթադրում։
«Առաջարկում ենք նաև, որ հարկման մոդելին ավելի պրոգրեսիվություն հաղորդվի՝ այն տրամաբանությամբ, որ տեսանելի հարստություններն ավելի բարձր հարկի բեռով հարկվեն։ 200 մլն դրամ և ավելի հարկման բազա ունեցող բնակարանների և բնակելի տների համար այս սահմանաչափը գերազանցող մասով հարկը հաշվարկել ոչ թե 1%-ով, այլ՝ 1.5%-ով»,- ներկայացրեց նա։
ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նշեց, որ այսօր ՀՀ-ում կա 90 մլն քմ բնակելի ֆոնդ, և եթե հաշվի առնվի, որ միջին՝ հինգ հոգանոց ընտանիքի համար 100 քմ տարածքը բավարար է ապրելու համար, ապա կստացվի, որ մեկ շնչի հաշվով 20 քմ տարածք է տրամադրվում։
«Հետևաբար, ունենալով 90 մլն քմ բնակֆոնդ, մենք պետք է հասկանանք, որ դա բավարար է 4.5 մլն բնակչության համար։ Այսինչ, ՀՀ-ում այսօր կա 3.5 մլն բնակչություն (պաշտոնական տվյալներով այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 միլիոն 956 հազար 900-հեղ.)։ Եվ ունենալով այդքան մեծ չափով ավելորդ բնակմակերես, ունենք նաև 1000-ավոր ընտանիքներ, որոնք բնակարան չունեն։ Մյուս կողմից էլ՝ բնակարանների գները անհիմն բարձր են ՀՀ-ում, հատկապես՝ նորակառույց շենքերում։ Այս հարցը փոքր-ինչ լուծելու համար նախագծում ինչ-որ բան պակասում է։
Եթե ես ունեմ տասը բնակարան, ապա ինչո՞ւ պիտի ամեն մի բնակարանի համար վճարեմ նույնքան գույքահարկ, որքան շարքային քաղաքացին՝ իր մեկ բնակարանի համար։ Սա մեխանիզմ կմտցնի, որ այսօր մեր երիտասարդ գործարարները ոչ թե բնակարան գնեն, այլ՝ երշիկի գործարան ստեղծեն, որ իմ տղան էլ գնա աշխատի։ Պետք է մեխանիզմ լինի, որ մարդիկ բնակարան գնեն կոնկրետ նպատակների համար։ Ես առաջարկում եմ, որ եթե քաղաքացին ունի մի քանի բնակարան, ապա այլ մեխանիզմով հարկ վճարի, դա էլ թող կառավարությունը որոշի՝ ոնց»,- նշեց նա։
Արձագանքելով՝ ֆինանսների փոխնախարարն ասաց՝ գույքային միավորների համախմբումն արդարացի պահանջ է։
«Այս հարցը քննարկվել է կառավարությունում, բայց մենք սա պատկերացնում ենք՝ որպես բարեփոխումների երկրորդ փուլի քննարկման առարկա, քանի որ այս պահին իրապես դժվար է խնդրի ամբողջական լուծմանը մոտենալ։ Տեխնիկական խնդիրները բերում են նրան, որ մենք պետք է նույնականացնենք նույն անձին պատկանող բոլոր գույքային միավորները, նրանց հարկման բազաները, որպեսզի ունենանք դրանց համախմբված արդյունքը։ Բայց հարցը մեր օրակարգում է»,- պատասխանեց Արման Պողոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արտակարգ դրության պայմաններում գույքահարկ բարձրացնելը խայտառակություն է. Թանդիլյան
- Փաշինյան. Ընդհանուր առմամբ գույքահարկն ավելանալու է
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին