Հայտնի պատմաբանի քույրը պնդում է՝ եղբայրը մահացել է բժիշկների ոչ պրոֆեսիոնալ ու դանդաղ աշխատանքի պատճառով
69 տարեկան հասակում կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեկ տասնյակ պատմական մենագրությունների հեղինակ Համլետ Գևորգյանը։
Նրա քույրը՝ Սիլվա Գևորգյանը պնդում է, որ եղբայրը մահացել «Սուրբ Գրիգոր» լուսավորիչ ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ ու ոչ օպերատիվ աշխատանքի հետևանքով։
Ֆեյսբուքյան իր էջում արած գրառմամբ նա տեղի ունեցածի վրա է հրավիրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի ուշադրությունը.
«Ի լուր ամբողջ հայ ժողովրդի և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի.
Եղբայրս` Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Գևորգյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում մահացավ ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ դանդաղկոտ ու անսիրտ մոտեցումից:
Երկու օր սպասում էին անալիզների պատասխանին, որպեսզի սկսեն բուժումը, այն դեպքում, երբ թեստի դրական պատասխանները արդեն ստացվել էին` եղբորս մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել:
Հաշվի առնելով ուղեկցող մի շարք հիվանդությունները՝ նրան շտապ տեղափոխել էին Գրիգոր Լուսավորիչ բուժկենտրոն: Եղբայրս անընդհատ զանգահարում էր և ասում, որ բուժումը դեռ չեն սկսել, չգիտեմ ինչի են սպասում:
Մի՞թե հաստատված կորոնավիրուսային հիվանդությամբ և ուղեկցող մի շարք այլ հիվանդությունների առկայության դեպքում բուժումը անմիջապես չեն սկսում: Բժշկական կենտրոնը կառավարության կողմից ամեն ինչով ապահովված ու հագեցած է, իսկ բժիշկները դեռ սպասում էին:
Նշեմ նաև, որ Այրվածքաբանության կենտրոնում ախտորոշվել էր թոքերի 10℅ ախտահարում, այնտեղից եղբորս տեղափոխեցին «Ռեգինա հյուրանոց», որպես թույլ ախտահարված: Մեկ օր անց տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ, քանի որ հիվանդությունը սրվում էր:
Այնտեղ ևս երկու օր սպասեցին անալիզների պատասխանին, իսկ մինչ այդ հիվանդությունը` բուժումը ավելի ուշ սկսելու պատճառով ավելի սրվեց և եղբորս տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք:
Հետևանքը արդեն գիտեք…»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան