«Մեդիա պաշտպան». Հայաստանում այլակարծությունը դատապարտվում է
«Մեդիա պաշտպան»-ը գրում է.
«Ըստ «Հրապարակ» օրաթերթի` խմբագրություն են զանգահարել ոստիկանության քրեական վարչությունից և ասել են, որ ստացել են դատախազի գրությունը, որտեղ վերջինս հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը»։
Օրաթերթը նշում է, որ հոդվածը հրապարակախոսական է՝ որևէ փաստական տվյալ չի պարունակում, հիմնական միտքն այն է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնել։
««Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը ստեղծված իրավիճակի հետ կապված իր մտահոգությունն է հայտնում: Ներկայիս որոշ պատգամավորներ նախկինում լրագրողներ են եղել, և իրենք էլ իշխանությանը քննադատող հոդվածներ են գրել: Նրանցից շատերն այժմ իշխանության մաս են կազմում ու փորձում են խոչընդոտել խոսքի ազատությունը, և իրենց նախկին գործընկերների դեմ հանդես են գալիս քրեական գործերով:
Փաստացի, այլակարծությունը Հայաստանում արդեն դատապարտվում է քրեական գործերով։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն իր աջակցությունն է հայտնում օրաթերթի խմբագրությանը և լրագրող Էդիկ Անդրեասյանին: Հետամուտ կլինենք, որպեսզի խոսքի ազատության դեմ ուղղված այս քայլերը համարժեք գնահատական ստանան»,- ասվում է հրապարակված հաղորդագրությունում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան