«Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պարզաբանումը՝ մահացած պատմաբանի բուժման ընթացքի մասին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ»-ն տարածել է պարզաբանում հայտնի պատմաբան Համլետ Գևորգյանի մահվան պատճառների վերաբերյալ նրա քրոջ ֆեյսբուքյան գրառման վերաբերյալ.
«Համլետ Գևորգյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է ընդունվել հունիսի 19-ի երեկոյան` նոր կորոնավիրուսային հիվանդություն ախտորոշումով:
Կատարվել են անհրաժեշտ կլինիկալաբորատոր գործիքային հետազոտությունները, ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ մինչև 50% շնչական մակերեսի ներգրավմամբ:
Հաջորդ օրվանից սկսվել է թիրախային բուժումը: Դինամիկայում զարգացել է սրտի ռիթմի խանգարում, ինչը ծանրացրել է պացիենտի վիճակը և որոշում է կայացվել տեղափոխել ինտենսիվ խնամքի` Վերակենդանացման բաժանմունք:
Բաժանմունքում շարունակվել է դեղորայքային բուժումը և օքսիգենիացիայի ցուցանիշների վատացման հետևանքով իրականացվել է թոքերի ոչ ինվազիվ օդափոխանակություն, այնուհետև վիճակով պայմանավորված` անցում է կատարվել թոքերի ինվազիվ օդափոխանակության:
Նոր կորոնավիրուսային հիվանդության պրոգրեսիայի պատճառով վիճակը գնալով վատացել և հունիսի 24-ին հանգեցրել է Համլետ Գևորգյանի մահվանը: Նա ունեցել է նաև ուղեկցող հիվանդություններ, մասնավորապես` շաքարային դիաբետ և զարկերակային գերճնշում։
Ցավակցում ենք Համլետ Գևորգյանի ընտանիքին և հարազատներին»։
Հիշեցնենք, որ 69 տարեկան հասակում կորոնավիրուսի հետևանքով կյանքից հեռացել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մեկ տասնյակ պատմական մենագրությունների հեղինակ Համլետ Գևորգյանը։ Նրա քույրը՝ Սիլվա Գևորգյանը պնդում է, որ եղբայրը մահացել «Սուրբ Գրիգոր» լուսավորիչ ԲԿ-ի ուրոլոգիայի բաժանմունքի ոչ պրոֆեսիոնալ, ապաշնորհ ու ոչ օպերատիվ աշխատանքի հետևանքով։