«Կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է». Արա Բաբլոյանը՝ ԱՆ-ում մշակվող օրենսդրական փաթեթի մասին
Առողջապահական համակարգն արտակարգ դրության ժամանակ կունենա կենտրոնացված կառավարում: Այս մասին տեղեկացրել էր Առողջապահության նախարարությունը՝ հավելելով, որ օրենսդրական փաթեթ է մշակվում արտակարգ դրության պայմաններում առողջապահական համակարգի կենտրոնացված կառավարում ունենալու համար։
«Համաձայն սպասվող օրենսդրական փոփոխությունների՝ արտակարգ դրության ժամանակահատվածում կառավարությանը կտրվի լիազորորություն Հայաստանի Հանրապետության բոլոր բժշկական կենտրոնների կառավարումը փոխանցելու Առողջապահության նախարարությանը՝ անկախ բուժահաստատությունների ենթակայության և սեփականության ձևից։ Փոփոխության համաձայն՝ Առողջապահության նախարարությունը կկարողանա ըստ անհրաժեշտության իրականացնել լիցենզավորված բոլոր բժշկական հաստատությունների կառավարումը, իրավունք կունենա նշանակել ժամանակավոր տնօրեններ, որոնք ուղղակիորեն կենթարկվեն նախարարությանը և կկատարեն նախարարի ցուցումները, որպեզի ապահովվի արտակարգ դրության ժամանակ անհրաժեշտ բժշկական ծառայությունների ամբողջ ծավալով մատուցումը: Նմանատիպ կարգավորում նախատեսված է նաև ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքի 11-րդ հոդվածով, որով սահմանված է, որ բոլոր բժշկական կենտրոնների կառավարումն (անկախ սեփականության ձևից) անցնում է Առողջապահության նախարարությանը»,- ասված էրնախարարության տարածած հայտարարության մեջ:
Նկատենք, որ օրենսդրական փաթեթը հաջորդ շաբաթ նախատեսվում է ներկայացնել Ազգային ժողով:
168.am-ը գրում է .«Ըստ Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանի՝ որոշումը կարող է աննախադեպ լինել.«Իհարկե, սա աննախադեպ մի որոշում կարող լինել, և կարծում եմ, որ առողջապահության համար սա ճարահատյալ որոշում է, որովհետև մնացած կառույցները, կազմակերպություններն ու հանրությունը չեն ապահովել այն պայմանները, որոնք կսահմանափակեին վարակի տարածումը: Եվ ամբողջ բեռն այսօր, փաստորեն, թողնված է առողջապահության վրա:
Այս պահին չեմ կարող լիարժեք գնահատական տալ, որովհետև ծանոթ չեմ օրենսդրական փաթեթի մանրամասներին, բայց հասկանալի է, թե ինչու է նախարարությունը գնում այդ քայլին. ոչ բոլոր բժշկական հաստատություններն ու դրանք կառավարողներն են կարողացել ճիշտ գնահատել իրավիճակը, վերցնել պատասխանատվություն` պատշաճ կազմակերպելու աշխատանքը` ապահովելով COVID-վարակված և չվարակված պացիենտների սպասարկումն ու բժշկական անձնակազմի պաշտպանվածությունը վարակից»,- 168.am-ի հետ զրույցում ասել է Արա Բաբլոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան