Անբարեխիղճ վաճառողի պես 100%-ով թանկացնում եք, հետո զեղչ անում. Թանդիլյանը՝ իշխանություններին
«Խնձորը տանձի հետ չեն համեմատում, որ գալիս ու ասում եք՝ տեսեք հաջորդ տարի ինչ ցածր է լինելու գույքահարկը, քան այս տարի»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը։
Նրա խոսքով, հաջորդ տարի ավելի ցածր է լինելու գույքահարկը, քանր որ 25%-ն է գանձվելու ընդամենը, իսկ 2026 թվականին վճարելիք գույքահարկն է պետք համեմատել այսօրվա հետ, ուստի պետք չէ 25%-ը 100%-ի հետ համեմատել։
«Գիտե՞ք՝ ինչու եք վեց տարով անում, քանի որ բեռը ծանր է, աստիճանաբար եք մտցնում, քանի որ բեռն անխտիր բարձր է լինելու բոլորի համար, դա լինելու է միանշանակ, և բոլորի համար։ Կամ ի՞նչ է նշանակում՝ եթե հիմա սա չընդունենք, անցած տարի այս քաղաքական մեծամասնության թեթև ձեռքով ընդունված օրենքի համաձայն՝ ավելի շատ կվճարենք։ Պարզ գործողություն կարելի է անել՝ հետաձգել այդ գործողության ժամկետը։ Անբարեխիղճ վաճառողներ կան, որ մինչև զեղչեր անելը 100%-ով թանկացնում են ապրանքը, հետո 20% զեղչ են անում»,- նշեց պատգամավորը։
Նրա խոսքով, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հարցում է ուղարկվել, որի պատասխանում նշված է, որ «Հարկային օրենսգրքում» փոփոխություններ անելու նախագիծն ուղարկվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի դիտարկմանը, սակայն վերջիններս իրենց դիտարկումները դեռևս չեն ներկայացրել.
«Ես վստահ եմ, որ դուք հասկանում եք, որ ես այս նամակն ունեմ կառավարության փաթեթի միջից։ Դուք նաև տեխնիկապես պատրաստ չեք այս օրենքի ներդրմանը, բայց և այնպես, դուք հրապարակեցիք գույքահարկի մասին օրենքի նախագիծը, և նշեցիք, որ դա ռեֆորմ է։ Այո, պետք է ռեֆորմ լինի, բայց պարտադիր չէ՝ հարկի բարձրացմամբ դա անել։ Եվ որևէ մեկը ռեֆորմներին դեմ չէ, ուղղակի չպետք է այդ ռեֆորմը նույնականացնել հարկի բարձրացման հետ։ Մինչև տասը միլիոն արժողությամբ գույքը պետք է ուղղակի չհարկվի, քանի որ գույքին տիրապետել՝ չի նշանակում ունենալ համապատասխան եկամուտ»։
Պատգամավորը շեշտեց, որ գրչի մեկ հարվածով իշխանությունները կես միլիոն մարդու դարձրին հարկատու։
Հարակից հրապարակումներ`
- Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց գույքահարկի ավելացման մասին օրենքը
- Մի քանի բնակարան ունեցողները պետք է այլ տարբերակով գույքահարկ վճարեն. Աղազարյան
- Արտակարգ դրության պայմաններում գույքահարկ բարձրացնելը խայտառակություն է. Թանդիլյան