Վարակի պիկի մասին խոսելը դեռ վաղ է. թվերը շարունակում են աճել. Զեյնալյան
«Այս պահին ժամանակը չէ քննիչ հանձնաժողով ստեղծելու, այժմ գործելու ժամանակն է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար արվող քայլերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու մտադրությանը։
Նրա խոսքով, այս իրավիճակի ավարտից հետո պետք է ստեղծվի այդ հանձնաժողովը, և եթե դրա կարիքը լինի, իշխանական խմբակցությունն էլ կարող է նախաձեռնել այդ հանձնաժողովի ստեղծումը.
«Բայց այս պահին քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին խոսք լինել չի կարող»։
Դիտարկմանը, որ եթե այժմ հանձնաժողովը ստեղծվի, աշխատանքները սեպտեմբերին են մեկնարկելու, պատգամավորն արձագանքեց՝ հայտնի չէ՝ սեպտեմբերին համաճարակային վիճակն ինչպիսին կլինի։
«Մենք տեսնում ենք, որ թվերն աճում են, և պիկի մասին այս պահին վաղ է խոսել։ Այստեղ շատ կարևոր է, որ հնարավորինս արդյունավետ իրականացվի կոնտակտավորների հայտնաբերումն ու թեստավորումը, ապա մեկուսացումն ու պատշաճ սպասարկումը։ Այս շղթան պետք է պատշաճ իրականացվի։ Քանի դեռ թեստավորումների թիվն ավելանալուն զուգահեռ հիվանդության դեպքերն էլ են ավելանում, նշանակում է՝ պետք է շարունակել թեստերի քանակն ավելացնել, որպեսզի չլինեն անձինք, որոնք վարակված լինեն և չհայտնաբերվեն։ Այս դեպքում հնարավոր կլինի շղթան կոտրել»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ վերջին տվյալներով վարակակիրների թիվը 700-ից ավելի է, ինչո՞վ է պայմանավորված հայտնաբերված դեպքերի նման ռեկորդային աճը, Ն. Զեյնալյանն արձագանքեց՝ դեպքերի նման թիվը ավելի շատ քանակով թեստեր անելու արդյունք է.
«Եթե 3000 թեստ արվի, կարող է և 1000 դեպք հաստատվել։ Եվ սրանից պետք չէ վախենալ, սա դրական տենդենց է, նշանակում է, որ մենք հայտնաբերում ենք հիվանդներին և պատշաճ բուժօգնություն ենք ցուցաբերում»։
Հարցին, թե այս պահին առողջապահական համակարգն ունի՞ թեստերի խնդիր, պատգամավորը պատասխանեց՝ թեստեր կան, նաև արդեն հայկական արտադրության թեստեր են շրջանառվում։
«Այստեղ շատ կարևոր են թեստավորման հնարավորությունները։ Միայն պետության ենթակայության տակ եղած սարքավորումներով հնարավոր չէ այս պահին այնքան թեստ անել, որքան որ ցանկալի է»,- նշեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան