Կառավարությունը օտարում է Նորք-Մարաշում գտնվող մոտ 1.3 մլրդ դրամի շինությունը
Կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ մրցույթով կօտարվի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները և դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը:
Նախագիծը զեկուցող Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվում է գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 1,333 763, 159 ՀՀ դրամ։
Նախագծով սահմանվում է, որ գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 996 841 դրամ:
Օտարման առաջարկվող գույքը Պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին, որը իրենից ներկայացնում է չշահագործվող առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավաստիացրեց, որ օտարումը նույնպես իրականացվում է հակաճգնաժամային գործողությունների շրջանակներում, քանի որ վաճառքի է հանվում ներդրումնային գրավչություն ունեցող պետական գույք: