ԿԳՄՍ նախարարը հորդորում է՝ դիմորդների հետ քննական կենտրոն չգնան հարազատները, բարեկամներն ու հարևանները
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է, որ քննական կենտրոն գնացող դիմորդներին ուղեկցի առավելագույնը մեկ մարդ։ Դիմորդի կենտրոն մտնելուց հետո նա պետք է լքի տարածքը։
Նախարարը կոչ է անում՝ քննություն հանձնող դիմորդի հետ չգնան ընտանիքի անդամները, հարազատները, ընկերները։ Նա տեղեկացրեց, որ թույլ չեն տալու մեքենաներով մոտենալ քննական կենտրոններին։ Կարգը հսկելու է ոստիկանությունը։
«Մենք չպետք է թույլ տանք կուտակումներ։ Սա նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք ընտանիքներով, բարեկամներով, հարևաններով քննական կենտրոններ գնալուց։ Ոստիկանությունը շատ խիստ միջոցներ է ձեռնարկելու դրա դեմ։ Իմ խնդրանքն է, հորդորն ու պահանջն է, որ դիմորդը ունենա մեկ ուղեկցող, եթե հնարավոր է միայնակ գալ, ապա ավելի լավ կլինի»,-ասաց նա։
Ա. Հարությունյանի խոսքով, այս տարի նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը ավելացել է մոտ 25 տոկոսով։ Ավելի քան 14 հազարից ավելի դիմորդներն այս տարի քննություն կհանձնեն 47 քննական կենտրոններում, նախորդ տարի դրանց թիվը 30 էր։ Մինչ քննական կենտրոն մտնելը դիմորդները կջերմաչափվեն, ձեռքերը կախտահանեն։
Ըստ նրա, քննական կենտրոնները ախտահանվել են նաև ԱԻՆ-ի աշխատակիցների մասնակցությամբ։ Գրիչները ևս լինելու են ախտահանված, քննությունից հետո դրանք պետք է նետվեն հերմետիկ ամանների մեջ։
Քննական կենտրոնների համար նախատեսված դահլիճներում կլինի 140-150 մարդ։
Ըստ Հարությունյանի, դահլիճներն օդափոխվող են, ներկաների միջև հեռավորությունը պահպանվելու է։
«Դիմորդներին կտրամադրվեն անցագրեր, թե որ կենտրոններում են հանձնելու քննությունները»,-ասաց Հարությունյանը։
Քննությունները լինելու են մեկ փուլով։ Քննությունը հանձնելու հնարավորությունը բաց չթողնելու համար նախարարը կոչ արեց դիմորդներին, նրանց ընտանիքի անդամներին հետևել սահմանված հակահամաճարակային բոլոր կանոններին ու պարետատան ցուցումներին։
«Սա նաև ճակատագրի խնդիր է։ Այսօրվանից սկսած ամենախիստ ձևով պահեք կանոնները»,- ասաց նա։