Հայաստանն Հարավային Կովկասում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է․ BBC
Հայաստանը Հարավկովկասյան տարածաշրջանում Covid-19-ից ամենաշատ տուժած երկիրն է, որտեղ ամեն օր գրանցվում են հարյուրավոր նոր դեպքեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ ինքն էլ վարակվել էր կորոնավիրուսով, ճգնաժամը լուծելու կապակցությամբ բախվում է աճող քննադատության։ Սակայն իշխանություններն ասում են, որ երկիրը չի կարող իրեն թույլ տալ ևս մեկ արգելափակում-լոքդաուն: Այս մասին ասվում է BBC-ի պատրաստած տեսանյութում։
Նշվում է, որ Հայաստանի հիվանդանոցները ճնշման տակ են, անդրադարձ է կատարվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Արտակ Դավթյանի որդու հարսանիքին, պաշտոնանկություններին, սակայն դա չբավարարեց Հայաստանի քաղաքական ընդդիմությանը, որը պահանջում է ամբողջ կառավարության հրաժարական։
Հայաստանում վարակակիրների թիվը 1 մլն բնակչի քանակով աշխարհում ամենաբարձրներից է։
Քառյակ Մեդիա խմբի հիմնադիրներից Սամվել Ֆարմանյանը BBC-ի տեսանյութում կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարության քաղաքականությունն անվանում է «աղետ», ասելով, որ նրանք ամբողջությամբ ձախողել են ու Հայաստանը հայտնվել է այնպիսի երկրների շարքում, որոնք ունեն վատագույն վիճակագրությունը։
Նշվում է, որ Հայաստանում բիզնեսները վերաբացվեցին ապրիլին, սակայն վարակակիրների թիվը շարունակում է աճել։
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի խոսքերով, «մենք նպատակ չունենք արմատախիլ անելու վարակը, քանի որ դա հնարավոր չէ» և «եթե մենք ունենաք փակ սահմաններ 1 տարի, փակ բիզնեսներ՝ կրկին 1 ամիս, ապա կմեռնենք այլ պատճառներից»։
Նիկոլ Փաշինյանը, ասվում է, այժմ կանգնած է վարչապետության ամենամեծ մարտահրավերի առաջ և կրկին ապավինում է իր ժողովրդին՝ իրենց հասանելիքն անել՝ վիրուսի դեմ պայքարում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին