Հայաստանը 1 մլն բնակչին ընկնող վարակվածների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում. Փաշինյան
Մինչ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում քաղաքական գործընթացներին և ԱԺ-ում տեղի ունեցող պրոցեսներին, կորոնավիրուսի համավարակի մասով, ցավոք սրտի, նոր հակառեկորդներ ենք սահմանում: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ցավոք սրտի, այսօր Հայաստանի Հանրապետությունը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով և ամենօրյա նոր վարակների թվով առաջատար տեղ է զբաղեցնում աշխարհում։ Սա մեծ պրոբլեմ է, բայց կա մեկ այլ շատ ավելի կարևոր պլոբլեմ՝ այս իրավիճակի գիտակցումն ու տրամադրությունը Հայաստանում չկա: Պետք է լիներ մի իրավիճակ, երբ մեր երկրի 3 մլն բնակչությունն ամենօրյա ռեժիմով պայքարեր համավարակի դեմ: Բայց, ցավոք սրտի, այդպիսի իրավիճակ այսօր չունենք և շարունակվում է ապատեղեկատվության տարածումը կորոնավիրուսի վերաբերյալ»,- նշեց վարչապետը։
Անդրադառնալով պարետատան քննարկումներին՝ վարչապետը տեղեկացրեց, որ գնալու են խստացումների:
«Այսօր պարետատանը քննարկել ենք և եկել ենք եզրակացության, որ պարզապես չունենք այլընտրանք և առաջիկայում մենք պետք է գնանք համաճարակային կանոնների խստացմանը: Քանի դեռ թվերի փոփոխություն չունենք և հակառակ դինամիկան չենք արձանագրել, պետք է գնանք խստացման կանոններով»,- նշեց Փաշինյանը։
Նա նաև հայտնեց՝ այսօր արձանագրել են, որ վարչական իրավախախտումների մասին ընթացակարգերով մոտենում է այն ժամկետը, երբ դիմակ չկրելու կանոնները խախտելու համար տուգանքները պետք է սկսեն բռնագանձել.
«Քննարկում ենք նաև օրենսդրական այնպիսի փոփոխություններ մտցնել, որ տուգանքի նշանակումից մինչև գանձելու կարճ կտևի»:
Վարչապետի խոսքով՝ իրենց խնդիրը որևէ մեկին տուգանելը չէ, պարզապես ուզում են ասել, որ յուրաքանչյուրն ունի չտուգանվելու շանս, չտուգանվելու հնարավորություն և երաշխիք:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան