«Հրապարակ». Սահմանադրական ճգնաժամ է առաջացել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամսի 30-ին ՍԴ-ում նշանակված է աշխատակարգային նիստ, օրակարգում՝ 8 կարևոր հարց: Սակայն ՍԴ 3 դատավորներ ԱԺ-ի ընդունած օրինագծի արդյունքում պաշտոնանկ են այլևս, իսկ Հրայր Թովմասյանն ու Արևիկ Պետրոսյանն արձակուրդում են. ասել է թե` քվորում չկա, և նիստ չի կայանա։
Մինչդեռ հարցերից մեկի առնչությամբ վարչապետ Փաշինյանը խնդրել է արագ որոշում կայացնել. խոսքը ՀՀ-ի և Վերականգնման ու զարգացման բանկի միջև պայմանագրի մասին է, որը պետք է արագ ռեժիմով ուղարկվի ԱԺ` հաստատման:
Կա՞ նման համաձայնագիր 30-ի նիստի օրակարգում՝ հարցրինք ՍԴ մեր աղբյուրին։ «Այո, կա, մենք հարգել ենք վարչապետի խնդրանքը, դրել խնդրի քննարկումը ամենամոտ նիստում… Եթե քվորում չլինի, ապա` այո, խնդիր կառաջանա, որովհետև, եթե ՍԴ-ում հարցը մնում է չլուծված, այն առկախվում է՝ հնարավոր չէ ո՛չ ժամկետը երկարացնել, ո՛չ էլ այլ բան անել»:
Ի դեպ, նույն նիստում ներառված է նաև «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» հարցի սահմանադրականության հարցը․ ադամանդի՞ մասին է նաև խոսքը։
«Թանկարժեք քարեր… բա հո բազալտը չի՞»: Հիմա, փաստորեն, դա էլ առկախվում է անհասկանալի ժամանակով։ «Եթե քվորում չլինի՝ այո»: Մտածվա՞ծ եք արել։ «Իհարկե` ոչ. աշխատանքային նիստերի օրակարգը ձևավորվում է ամիսներ առաջ»: Իշխանությունն իր ձեռքով սահմանադրական ճգնաժա՞մ ստեղծեց»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում