Արթուր Վանեցյան. Ալիևը պետք է գիտակցի՝ հակասությունները արտաքին վտանգի դեպքում վերանում են
Երեկ շատերն արձագանքեցին Ալիևի ելույթին, որտեղ նա ռազմատենչ հայտարարություններ է արել Հայաստանի և ՀՀ իշխանությունների հասցեին։
Hraparak-ը հարցի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանից։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները վկայում են հարևան երկրում ստեղծված բարդ իրավիճակի մասին։ Նավթի համաշխարհային գների փլուզումն էական ռիսկեր է պարունակում այդ երկրի ընդհանուր կայունության և իշխող ռեժիմի համար։
Ահագնացող խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար Ադրբեջանի նախագահը փորձում է խեղաթյուրել թե՛ իր ժողովրդի, թե՛ հայ ժողովրդի, թե՛ տարածաշրջանի ողջ պատմությունը։
Ալիևի գնահատականները մեր անկախ պետության նախորդած տասնամյակներին ցավալիորեն համընկնում են Հայաստանի գործող իշխանությունների գնահատականների հետ, և մեզ համար հենց այդտեղ է վտանգը։ Իսկ Ալիևի հերթական հոխորտանքների ինտենսիվությունը միշտ էլ կապվում է նավթի գների հետ։
Ինչ վերաբերում է Հայաստանի նորագույն պատմությանը, ապա այն, բոլոր բացթողումներով և սխալներով հանդերձ, պետականության կայացման և հաղթանակի պատմություն է։ Եվ Ալիևի ու Փաշինյանի՝ ժամանակ առ ժամանակ համընկնող դիրքորոշումը չի կարող փոխել պատմական ճշմարտությունը։
Ալիևը խորապես սխալվում է Հայաստանի ապագայի իր «կանխատեսումներում»․ Հայաստանն առաջիկայում կարողանալու է հաղթահարել բոլոր ներքին դժվարությունները, Հայաստանի այսօրվա իշխանությունների ոչ խելամիտ կառավարման պատճառով ծագած խնդիրները հաջողությամբ չեզոքացվելու են, և մեր երկիրը գնալու է զարգացման, պետականության ուժեղացման և համերաշխության ճանապարհով։
Ցանկացած ոք, ով մեր երկրի հասցեին հնչեցնում է սպառնալիք, պետք է հստակ գիտակցի, որ ներքին, քաղաքական հակասությունները արտաքին վտանգի առաջ վերանում են, և հայ ժողովուրդը՝ իր բոլոր ռեսուրսներով, դառնում է մեկ բռունցք՝ պատրաստ նոր հաղթանակների»։
Հրավիրում եմ Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը․ Ալիևի անհարգալից հայտարարությունները՝ Հայաստանի և նրա իշխանությունների հասցեին, միտում ունեն խաթարել խաղաղ բանակցությունների ընթացքը»,- աղբյուրին ասել է Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում