Կոկա-Կոլան դադարեցնում է գովազդը բոլոր սոցիալական ցանցերում
Ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող խոշորագույն «Coca-Cola» ընկերությունն առնվազն 30 օրով դադարեցրել է բոլոր սոցիալական ցանցերում գովազդի տեղադրումը՝ Facebook-ին հայտարարված բոյկոտի ֆոնին: Ընկերության կայքում գործադիր տնօրեն Ջեյմս Քուինսի հրապարակած հայտարարության մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Աշխարհում ռասիզմի տեղ չկա: Եվ սոցիալական ցանցերում ռասիզմը տեղ չունի: «Coca-Cola» ընկերությունն առնվազն 30 օր կդադարեցնի վճարովի գովազդի տեղադրումն ամբողջ սոցիալական մեդիա հարթակներում»,- ասել է Քուինսը:
Ընկերության ղեկավարը հավելել է, որ այս ընթացքում ընկերության ղեկավարությունը կվերանայի գովազդի քաղաքականությունը և կորոշի՝ դրանում փոփոխություններ կատարելու հարցը:
Ոչ սպիտակամորթ մարդկանց առաջխաղացման աջակցման ազգային ասոցիացիան (NAACP), Color of Change-ի քաղաքացիական իրավունքի պաշտպանության ասոցիացիան և այլ իրավապաշտպաններ ընկերություններին կոչ էին արել հուլիսին դադարեցնել Facebook-ում գովազդներ տեղադրել՝ բողոքելով այն բանի համար, որ այնտեղ չկա կարգավորում, որը թույլ չէր տար ատելության խոսքի, ռասիզմի և բռնության տարածումը:
Ավելի ուշ ԱՄՆ-ի հեռահաղորդակցման խոշորագույն օպերատորներից մեկը` «Verizon Communications Inc»-ը միացել է բոյկոտին՝ հրաժարվելով Facebook-ի և Instagram-ի գովազդներից: Նմանատիպ հայտարարություն է արել նաև Unilever-ը:
Ըստ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի, ընկերությունը փոփոխություններ կկատարի իր քաղաքականության մեջ և կարգելի սոցիալական ցանցերում տեղադրված գովազդներով ատելության խոսքի տարածումը: