ՄԱԶԾ-ն մինչև 12 հազար դոլարի աջակցություն կտրամադրի ԱԺ հանձնաժողովներին
«Որպես ԵԽԽՎ պատգամավոր, ես բախվել եմ այս խնդրին և շատ անհարմար եմ զգացել, որ սելեկտիվ աբորտների հարցում Հայաստանը հայտնվել է բավականին տխուր խմբի մեջ՝ Ալբանիայի և, ցավոք սրտի, նաև Ադրբեջանի հետ»,- Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում հայտնեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և առաջարկեց ՄԱԶԾ ծրագրից հատկացվող գումարներով մշակել «Չծնված երեխայի կյանքի պաշտպանության մասին» օրենքի նախագիծ:
Հանձնաժողովը քննարկեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագրին հանձնաժողովի մասնակցության ձևաչափը:
Ծրագրով նախատեսվում է ԱԺ հանձնաժողովներին տրամադրել մինչև 12 հազար ԱՄՆ դոլարի աջակցություն՝ պետական կառավարման համակարգում խորհրդարանի նոր և ընդլանված դերի շրջանակներում օրենքների մշակման, վերահսկողության և ներկայացուցչական աշխատանքների ապահովման առանցքային գործառույթների իրականացման համար:
Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ հանձնաժողովը պետք է տարբեր խմբակցությունները ներկայացնող երեք պատգամավոր առաջադրի ԱԺ-ի հաստատմանը՝ այդ ծրագրից օգտվելու դիմում-հայտերի համատեղ գնահատման խորհրդարանական հանձնաժողովում ներգրավելու համար: Բացի այդ, հանձնաժողովը պետք է ԱԺ-ի հաստատմանը ներկայացնի գաղափարներ՝ ծրագրի միջոցներով ֆինանսավորելու համար:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտնեց, որ իրենք ցանկանում են տրամադրվող գումարներով Ատելության խոսքի դեմ պայքարի պատգամավորական խմբում ընդգրկել իրավաբան փորձագետ: Նույն խմբակցության մյուս պատգամավորը՝ Ռուստամ Բաքոյանը առաջարկեց այդ ֆինանսավորմամբ դաշտային ուսումնասիրություններ անցկացնել եզդի աղջիկների իրավունքների, հատկապես վաղ ամուսնությունների խնդրի վերաբերյալ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաև առաջարկեց ֆինանսավորել Ատելության խոսքի դեմ պայքարի պատգամավորական խմբի աշխատանքների վերաբերյալ հանրային հաղորդակցության հարցերը:
Հանձնաժողովը «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Անի Սամսոնյանին, «Բարգավաճ Հայաստան»-ից Շաքե Իսայանին և «Իմ քայլը»-ից Սարգիս Խանդանյանին առաջարկեց ընդգրկել ԱԺ գնահատման հանձնաժողովում, իսկ ֆինանսավորման ենթակա գաղափարներ ներկայացնելու համար սահմանեց մեկշաբաթյա ժամկետ: