Եվրամիությունը հետաձգել է որոշումը՝ սահմանների բացման ու թույլատրելի երկրների վերաբերյալ
Օրեր շարունակ քննարկումներից հետո Եվրամիությունը չի կարողացել համաձայնության գալ, թե արտաքին սահմանների բացումից հետո որ երկրների քաղաքացիները կկարողանան մուտք գործել ԵՄ տարածք։ Այս մասին գրում է The Local-ը։
Նշվում է, որ ԵՄ բանակցողներն ուրբաթ օրը համաձայնել են սահմանները բացել 14 երկրների համար, որոնց թվում չկա ԱՄՆ-ը, որը կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրն է։
«Բանակցություններ են ընթանում, որոնք կշարունակվեն երկուշաբթի»,- AFP-ին ասել էր ԵՄ աղբյուրը։
Անվտանգ 14 երկրների մեջ են Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Մոնտենեգրոն, Մարոկկոն, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը և Ուրուգվայը։
Ասվում է, որ Չինաստանի քաղաքացիների մուտքը կարող է հաստատվել, եթե նույնն անի Չինաստանը ԵՄ-ի համար։
Նշենք, որ ԵՄ-ն սահմանափակումներ էր մտցրել մարտի կեսերից, որը պատրաստվում է հանել հուլիսի 1-ից։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԵՄ կողմից թույլատրելի երկրների շարքում ընդգրկվել էր մոտ 54 երկիր, ինչը տարաձայնություններ էր առաջացրել՝ կապված երկրներում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի ու այդ երկրների կողմից տրամադրվող վիճակագրության հավաստիության շուրջ։