Մենք չենք մուրում կառավարությունից, որ մեզ օգնեն, ասում ենք՝ բռնեք գրպանողներին
Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Մռավյան (Եղիպատրուշ) շրջանի բնակիչները դուրս են եկել բողոքի ցույցի, ցանկանում են փակել ճանապարհները, որպեսզի լուծվի համայնքի ճանապարհների վերանորոգման խնդիրը։
«2016 թվականին այս ճանապարհը վերանորոգեցին, հողի վրա ասֆալտ գցեցին, գնացին։ Հիմա ոչ ասֆալտ կա, ոչ՝ այլ բան։ Սա ճանապարհ չի, թող վերանորոգեն։ Մենք մինչև նախարար դիմում ենք գրել, իսկ պարոն մարզպետը չի բարեհաճում գալ և տեսնել՝ որն է ժողովրդի պահանջը։ Մի անգամ ճանապարհ փակեցինք, հիմա երկրորդ անգամ էլ կփակենք։ Մենք հանցագործ չենք, բայց ամբողջ բաժնի աշխատողներին լցրել են այստեղ»,- նշեց համայնքի բնակիչներից մեկը։
Ակցիայի մասնակիցների խոսքով, ճանապարհի վերանորոգման ժամկետն այս տարի է ավարտվելու, իսկ դեպի համայնք եկող ճանապարհի 1 կմ հատվածը շարունակում է անբարեկարգ մնալ.
«Հիմա մեր պահանջն այն է, որ այդ հատվածը վերանորոգվի։ Թող գան, տեսնեն, միանան մեզ, ավարտին հասցնեն աշխատանքները։ Անորակ ասֆալտ են արել, տակը ցեմենտ ու շիբին պետք է լիներ, չկա, հողը լցրել են, վրան ասֆալտ թափել։ Անորակ էր, դրա համար էլ ավիրվել է։ Հիմա մեր պահանջն է, որ գան նորոգեն մեր ճանապարհը»։
Համայնքի մեկ այլ բնակիչ էլ տեղեկացրեց, որ 2016 թվականին 9 կմ ճանապարհահատվածը հիմնովին պետք է վերանորոգվեր, պետբյուջեից 780 մլն դրամ է փոխանցվել, բայց ամբողջ գումարը գրպանվել է.
«Նախագծով սահմանված ոչինչ չի արվել։ Գլխառադ են արել, երևի ստացած գումարի 30%-ն էլ չեն հատկացրել։ Մենք չենք մուրում կառավարությունից, որ մեզ օգնեն, ասում ենք՝ բռնեք գրպանողներին։ Մեր բողոքները չեն բավարարում»։
Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանն էլ համայնքի բնակիչներին խոստացավ, որ օգոստոսի 10-ին տեխնիկա է բերվելու և ճանապարհը վերանորոգվելու է։
Համայնքի բնակիչներն էլ համաձայնեցին հեռանալ, բայց պայմանով՝ եթե նշված ժամկետում վերանորոգման աշխատանքները չմեկնարկեն, ապա համայնքապետը միանալու է ակցիա իրականացնողներին և փակելու է ճանապարհը։
Ի պատասխան՝ Կարեն Եղիազարյանն ասաց՝ որտեղ դուք, այդտեղ՝ ես. «Ես ձեզ մենակ չեմ թողել ու չեմ թողնի։ Իսկ եթե չգան ու չսարքեն, ես իմ հաշվին կսարքեմ ճանապարհի այդ հատվածը»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան