Խաչատուր Աբովյանի թանգարանը փորձում է առցանց հարթակից տեղափոխվել անմիջական շփման դաշտ
«Երբ նոր էր համավարակով պայմանավորված այս վիճակը, առցանց հարթակում օգտատերերն ավելի ակտիվ էին, հիմա մարդիկ սկսում են ձանձրանալ այս նմանօրինակությունից»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
Նրա խոսքով, թանգարանները շատ ակտիվ են առցանց հարթակում, սակայն արդեն մարդկանց համար սովորական է դարձել այդ ամենը։
«Փորձում ենք առցանց հարթակից տեղափոխվել մի քիչ անմիջական դաշտ, իհարկե, պահպանելով բոլոր կանոնները՝ ջերմաչափում, ախտահանում, դիմակի ու ձեռնոցի կրում»,- ասաց թանգարանի տնօրենը։
Նա տեղեկացրեց, որ առաջիկա ամսվա ընթացքում թանգարանի այգում բացվելու է գրադարան։
«Հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում, պատրաստվում ենք թանգարանի վերաբացմանը լրիվ նոր ձևաչափով։ Բացօթյա գրադարանը կբացվի առաջիկա ամսվա ընթացքում՝ կախված իրավիճակից ու հովանավորից։ Թանգարանի արտաբյուջեն չի ձևավորվում, քանի որ փակ է, այցելուներ չկան, թանգարանի միջոցով հնարավոր չէ նոր ծախսեր իրականացնել, օգնում է հովանավորը»,- նշեց նա։
Բացօթյա գրադարանը կահավորվելու է՝ ջրակայուն գրապահարաններ, սեղանիկներ, նստարաններ, որոնք, ըստ Ս.Խոջամիրյանի, տեղադրվելու են 1-1,5 մետր հեռավարության վրա։
Գրադարանի տարածքում կազմակերպվելու են ուղիղ հեռարձակումներ այլ թանգարանների հետ, նաև արտասահմանյան, կլինեն կինոդիտումներ, քննարկումներ, ներկայացումներ, բաց ընթերցումներ։
Նրա խոսքով, ուզում են հասցնել բացել առաջիկա ամսվա ընթացքում, որ գոնե մինչև նոյեմբեր այն գործի, այնուհետև տեղափոխվի թանգարանի ներսի հատված, հաջորդ տարվա գարնանը կրկին կբացվի այգում։
«Հիմա այս պայմաններում փորձում ենք օգտագործել մեզ տրված այս բացառիկ հնարավորությունը՝ շուրջ 1 հեկտար այգին։ Այս տարի բերքը քիչ է, բայց գրադարանի այցելուները հնարավորություն կունենան օգտվել այգու բերքից։ Քննարկումների փուլում ենք, թե ինչպես կլինի գրադարանի մուտքը, կարծում եմ՝ կլինի թանգարանի այցելության տոմսով՝ մեծահասակների համար 500 դրամ, դպրոցականների՝ 300 դրամ, որի մեջ կմտնի նաև այգու բերքից ստացած մթերքի հյուրասիրություն՝ չիր, հյութ, մուրաբա, նաև հենց թարմ միրգ»,- ասաց Ս.Խոջամիրյանը։
Նա նշեց, որ անցած ամիսների ընթացքում, երբ թանգարանները փակ են եղել, իրենք ակտիվ գործունեություն են ծավալել առցանց հարթակում՝ կազմակերպելով մրցույթներ, կրթական ծրագրեր, դասախոսություններ։
Թանգարանի տնօրենի խոսքով, հիմնականում նոր ձևաչափ են մշակել՝ ներկայացնում են Խ. Աբովյանին նոր տեսանկյունից՝ ոչ միայն գրական գործունեությունը, նաև հետաքրքիր ու շրջադարձային իրադարձություններ Աբովյանի կյանքից, սոցհարթակներում ժամանակ առ ժամանակ տեղադրում են Աբովյանի առակներից, աշխատանքներ, որոնք քիչ են հայտնի։
Ս. Խոջամիրյանն ասաց, որ իրենց հաշվարկներով այս ամիսների ընթացքում իրենք կորցրել են ողջ տարվա եկամտի շուրջ 50 տոկոսը, որը ձևավորվում էր տոմսերի վաճառքից։
«Ինչո՞ւ այսքան շատ, որովհետև այդ ամիսներին դպրոցներում ծրագրով Խաչատուր Աբովյանի կյանքը, ստեղծագործական գործունեությունն են ուսումնասիրում, բոլոր դասերը կազմակերպում էին թանգարանում։ Մենք ակտիվ կապի մեջ ենք դպրոցների հետ, հատկապես այն, որոնք կրում են Աբովյանի անունը»,- նշեց նա։
Ս. Խոջամիրյանի խոսքով, թանգարանում զբոսաշրջիկների համար հետաքրքիր նախագծեր էին մշակել, որոնք պետք է իրագործեին այս տարի, մասնավորապես՝ զբոսաշրջիկներն իրենց ձեռքով բերք էին հավաքելու, անցկացվելու էին չրի պատրաստման վարպետության դասընթացներ, գործելու էր գորգագործության խմբակ, ամառային դպրոց։
«Նախնական հաշվարկներով, իսկապես մեծ կորուստներ ունեցանք»,- ասաց Խաչատուր Աբովյանի թանգարանի տնօրեն Սյուզաննա Խոջամիրյանը։
Հարակից հրապարակումներ`
- Վատիկանի թանգարանները բացվել են
- Լուվրը կբացվի հուլիսի 6-ին
- Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով
- Եվրոպական թանգարանները բացվում են, բայց եկամուտների կորուստ ունեն
- ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհի թանգարանների ավելի քան 13 տոկոսը հնարավոր է չբացվեն համավարակից հետո
- Արգելոց-թանգարանները բացվում են
- Թանգարանների միջազգային օրն է
- Պիոտրովսկի. Համավարակը ցույց տվեց թանգարանների չափանիշների արդյունավետության սնանկությունը
- Բրիտանիայի պատկերասրահները, աճուրդային տներն ու փոքր թանգարանները կբացվեն հունիսի 1-ին
- Պիոտրովսկի. Էրմիտաժի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հիմքեր կդրվեն
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում