Դիմակ չդնելու համար Սոնա Աղեկյանին դարձյալ բերման ենթարկեցին
Ոստիկանությունը դիմակ չդնելու, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու համար բերման ենթարկեց հասարակական գործիչ Սոնա Աղեկյանին։
Վերջինս, ոստիկանների՝ անձը հաստատող փաստաթուղթը ներկայացնելու պահանջին ի պատասխան նշեց, որ պարտավոր չէ այն ներկայացնելու, քանի որ ոստիկանների պահանջը չի բխում ՀՀ Սահմանադրությունից.
«Պարտավոր չեմ նաև ներկայանալու, եթե վարորդ չեմ։ Հրաժարվում եմ ներկայանալ»։
Մինչ ոստիկանները փորձում էին հասկանալ՝ ինչ պետք է անել այն դեպքում, երբ քաղքացին դիմակ չի դրել և չի ներկայանում, Սոնա Աղեկյանը նշեց.
«Քանի որ Նիկոլը չի կարողանում արտադրական ձեռնարկություններ ստեղծել, աշխատատեղեր ստեղծել, պարտավոր է դրամահավաք իրականացնել, որպեսզի հասցնի իշխանության ներկայացուցիչների պարգևավճարները տալ, ամեն քայլափոխի ստիպում է քաղքացիներին դիմակ դնել։ Բայց ես դա չեմ անելու, պրինցիպիալ բան է սա։ Եթե ես վարակվելու լինեմ, դիմակ դնեմ, թե՝ ոչ, վարակվելու եմ։ Փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանը դիմակ էր դնում, բայց վարակվեց»։
Ս. Աղեկյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանի դեպքում վիրուսն այնքան էլ վտանգավոր չէր, ուստի ինքը չի պատրաստվում ամեն օր դիմակ դնել և արտաշնչած վտանգավոր մանրէները նորից շնչել։
«Որքան ուզում են, թող տուգանեն։ Իսկ ՀՀ քաղաքացին, եթե վարորդ չէ, ապա պարտավոր չէ ոստիկանի բանավոր պահանջով անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել»,- ասաց նա, ապա հավելեց՝ ինքը շտապում է, իսկ ոստիկաններն ապօրինի իրեն պահել են։
Ոստիկանության աշխատակիցն էլ ի պատասխան նշեց՝ քաղաքացին ոստիկանի օրինական պահանջը չի կատարում, և այդ պատճառով պետք է սպասի, մինչև ոստիկանները մոտենան.
«Մենք պարտավոր չենք գրավոր ներկայացնել Ձեզ մեր պահանջը։ Արձանագրության մեջ էլ նշված է, որ արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ընթացքում ազատ տեղաշարժի պայմանների պահանջը խախտված է։ Այսինքն՝ պարետի որոշմամբ դրսում դիմակը պարտադիր կրելու պահանջը չեք կատարել»։
Սոնա Աղեկյանն էլ հակադարձեց՝ պարետի որոշումն օրենք չէ.
«Ինձ ժամ ասեք, և ես կներկայանամ ոստիկանություն։ Տուգանքն էլ նշանակեք, միևնույն է, չեմ մուծելու, հիմա շտապում եմ»։
Այնուամենայնիվ, ոստիկանները թույլ չտվեցին Աղեկյանին հեռանալ, և նրան բերման ենթարկեցին։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են փողոցներն ու պուրակները լցված օգտագործված բժշկական դիմակներով և ձեռնոցներով
- Փաստաբան. Դիմակ չկրելու ու անձանագիր չունենալու համար մարդուն չեն կարող տուգանել երկու անգամ
- Կառավարության անդամները մայրաքաղաքի փողոցներում դիմակ են բաժանում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան