124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը. Զոհրաբյան
«Աբրահամ Մանուկյանը լուրջ առողջական խնդիրներ ունի, և կա հստակ հանձնարարական՝ կորոնավիրուսի պայմաններում ռիսկային խմբում գտնվող մարդկանց դեպքում ձեռնպահ մնալ կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելուց»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի կալանավորմանը։
Հիշեցնենք, որ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-154.2 հոդվածի 2-րդ մասով (կուսակցություններից կամ թեկնածուներից որեւէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով կաշառք տալուն օժանդակելը): Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունի նաև ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Ա. Մանուկյանին կալանավորելու նպատակը մեկն է՝ նրա նկատմամբ ճնշումներ գործադրելով ցուցմունքներ կորզել Գագիկ Ծառուկյանի դեմ։ Այնուամենայնիվ, Ն. Զոհրաբյանը վստահեցրեց, դա չի լինելու, քանի որ «ԲՀԿ» առաջնորդի դեպքում չկա որևէ փաստ, որ նա գումար է տվել և ասել՝ կգնաք, կքվեարկեք։
«Ի դեպ, 124 քննիչներ կցված են Գագիկ Ծառուկյանի հետ կապված գործի քննությանը։ Կրկնում եմ, Գագիկ Ծառուկյանին ներկայացված մեղադրանքն անհեթեթ է, և ես շարունակում եմ պնդել՝ սա քաղաքական հետապնդում է քաղաքական գործչի և կուսակցության հանդեպ։ Քայլում եմ՝ ԱԱԾ-ն ինձ ուղեկցում է, մտնում եմ գեղեցկության սրահ, ինձ հետ են։ Այն օրը խանութում կանացի պարագա էի գնում, ուզում էի շուռ գալ և ասել՝ հավանո՞ւմ եք։ Անլրջացրել են ամեն ինչ, բայց ես հումորս ու լավատեսությունս չեմ կորցնում անգամ այս դեպքում»,- նշեց Նարիա Զոհրաբյանը։
Անդրադառնալով գույքահարկի բարձրացման մասին օրենքին՝ պատգամավորն ասաց, որ այն բավականին վտանգավոր և քաղաքացու դեմ ուղղված քայլ է։
«Սա մեծապես վնասելու է մեր հայրենակիցներին։ Ես ճանաչում եմ Կենտրոնում ապրող մտավորականների ընտանիքների, որոնք իրենց ծնողներից են ժառանգել բավականին մեծ բնակարաններ։ Հիմա այդ մարդիկ չեն աշխատում, թոշակառու են, և իրենց համար շատ դժվար է լինելու այդ գումարը վճարել»։
Ինչ վերաբերում է իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանի առաջարկին, ըստ որի՝ ով չի կարողանում Կենտրոնում գտնվող տան համար գույքահարկ վճարել, թող վաճառի այն և գնա ծայրամասում ապրելու, Նաիրա Զոհրաբյանն ասաց՝ դա ցինիկ վերաբերմունք է մտավորականների հանդեպ։
Դիտարկմանը, որ սահմանադրական փոփոխությունների նախագիծը քննարկելու համար հրավիրված ԱԺ արտահերթ նիստին, ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, մասնակցել են նաև երկու կորոնավիրուսով վարակված պատգամավորներ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց՝ «SOS» ռեժիմով բերման են ենթարկել բոլոր պատգամավորներին.
«Ես հստակ տեղեկություններ չունեմ, բայց այդ պատգամավորները, որոնց անունները նշվում են, նիստին մասնակցել են ձեռնոցներով։ Եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա արվածն ուղղակի անբարո քայլ է»։
Պատգամավորը տեղեկացրեց, որ ինքը ևս կորոնավիրուսով վարակված քաղաքացու՝ ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի հետ կոնտակտավոր է եղել, և կորոնավիրուսի թեստ է հանձնել, պատասխանը բացասական է։
Հարակից հրապարակումներ`
- Պահանջում են քրգործերի հարուցում COVID-19-ով վարակված և ԱԺ նիստին մասնակցած պատգամավորների նկատմամբ
- Դատախազությունը Գագիկ Ծառուկյանին կալանավորելու պահանջով վերաքննիչ բողոք է ներկայացրել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին